
Վրաստանի հանրային ռեեստրը բավարարել է ռուսամետ ու հոմոֆոբ տրամադրություններով հայտնի «Ալտ-Ինֆո» կուսակցության դիմումը և գրանցել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Պահպանողականները Վրաստանի համար»։ Որոշումը թվագրված է ապրիլի 22-ով։
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», — ասված է կուսակցության գրանցման մասին որոշման մեջ:
Մի քանի ամսից՝ 2025 թվականի հոկտեմբերին, Վրաստանում պետք է անցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դեռևս հայտնի չէ՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը կմասնակցի՞ այս ընտրություններին։
Կուսակցության գրանցման դիմումը ռեեստրի կայքում հայտնվել է փետրվարի 27-ին: Առաջին թերությունը ռեեստրի աշխատակիցը հայտնաբերել է մարտի 27-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 8-ին:
«Մենք գրանցվում ենք, քանի որ չունենք կուսակցություն, և ժողովրդի և մեր համախոհների պահանջն է, որ մենք կուսակցություն ունենանք և շարունակենք մեր կուսակցական գործունեությունը», — փետրվարի 28-ին ասել է «Ալտ-Ինֆո»-ի ղեկավարներից Կոնստանտին Մորգոշիան։
«Ալտ-Ինֆո» խումբը Թբիլիսիում մի շարք բողոքի ցույցեր է անցկացրել, որոնք հետագայում ուղեկցվել են բռնություններով։ Դրանց թվում՝ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ պետք է անցկացվեր Tbilisi Pride-ի կազմակերպած «Արժանապատվության երթը», «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներն ու հոգևորականները կոչ արեցին քաղաքացիներին դուրս գալ փողոց։ Այդ օրը վիրավորվել է ավելի քան 50 լրագրող։ Բռնության կազմակերպիչներից ոչ մեկն առայսօր չի պատժվել։
«Ալտ-Ինֆո»-ն նախորդ տարիներին ունեցել է կուսակցություն («Պահպանողական շարժում»), սակայն հանրային ռեեստրը չեղարկել է դրա գրանցումը 2024 թվականի ապրիլի 8-ին։ Որոշման հիմքում ընկած է Հակակոռուպցիոն բյուրոյի դիմումը՝ կուսակցության փաստաթղթերն ուսումնասիրելու առաջարկով։