Օրեր առաջ՝ օգոստոսի 1-ին, հրապարակվել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հրամանը, որով հաստատվել են «Օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրի» կազմման, ֆինանսական հայտարարագրերի ներկայացման և մոնիտորինգի կանոնակարգերը: Վրաստանի արդարադատության նախարարության ռեեստրների կայքի թարմացումից տեղեկանում ենք, որ նախարարությունը գործարկել է «Օտարերկրյա շահերը կրողների ռեեստր» կայքէջը:
Վրաստանում գործող քաղաքացիական հասարակական և լրատվական այն կազմակերպությունները, որոնք Վրաստանի գործընկեր երկրներից են ֆինանսավորվում, պետք է գրանցվեն «Օտարերկրյա շահերը կրողների ռեեստրում», որտեղ նրանց նույնականացումը հնարավոր կդառնա նույնականացման համարով և անունով։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «գործակալների օրենքի» («ռուսական օրենք») ընդունումն ու կիրարկումը փաստացի անհնար են դարձնում քննադատական, ազատ, քաղաքացիական և լրատվական կազմակերպությունների հետագա գործունեությունը, կարծում են որոշ վրացի փորձագետներ:
Նրանց պնդմամբ՝ օրենքը, սակայն, միայն վերոնշյալ կամզակերպություններին չի վնասում, վնասում է նաև հենց «Վրացական երազանք»-ին, քանի որ ուղղակիորեն քաղաքական ճգնաժամ է հրահրում: Փորձագետների գնահատմամբ՝ օրենքի ընդունմամբ և կիրարկմամբ «Վրացական երազանք»-ը երկիրը շեղում է ժողովրդավարական զարգացման հունից և նորից դնում ռուսական ազդեցության տակ:
Վրաստանի «Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի (SJC) իրավաբան Քեթի Չութլաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ իշխող թիմի ընդունած, այսպես կոչված՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («գործակալների օրենք») օրենքն ամենևին էլ նպատակ չունի ապահովելու Վրաստանում գործող կազմակերպությունների թափանցիկությունը, դրա իրական նպատակը քննադատական, ազատ կազմակերպությունների գործունեության սահմանափակումն է:
«Այս օրենքի կիրարկմամբ՝ այն կազմակերպությունները, որոնք աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության, կրոնի ազատության, հավասարության, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կանանց և ընտանեկան բռնությունների հարցերի ուղղությամբ, գյուղատնտեսական և սոցիալական ուղղությամբ, և նրանց գործությունեությունը շատ կարևոր է Վրաստանի համար, փաստացի՝ ահա այդ կազմակերպություններին դարձնում են «օտար պետության շահերը կրող» կազմակերպություններ, ինչն, իհարկե, անարդար է և անօրինական»,- ասաց Չութլաշվիլին:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի դիտարկմամբ՝ «ռուսական օրենքն» այն վերջին ցուցիչն է, որը փաստում է «Վրացական երազանք»-ի որդեգրած հակաժողովրդավարական և հակաարևմտյան կուրսի մասին:
Ըստ նրա՝ այն իրողությունը, որ օրենքն ընդունվել է ԵՄ անդամակցության երկրի թեկնածուի կարգավիճակի շնորհումից հետո, և ԵՄ անդամակցության հաջորդ փուլի՝ բանակցությունների փուլի մեկնարկից առաջ, վկայում է, որ իշխող թիմը փորձում է սաբոտաժի ենթարկել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը:
Նա նաև նկատեց՝ այն քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, որոնք անկախ են և չեն ենթարկվում կառավարության կամքին ու հրամանին, իհարկե` չեն գրանցվի «գործակալների ռեեստրում»:
«Այս կազմակերպություններին տուգանելու վտանգ, իհարկե, կա, բայց անհրաժեշտ է այդ ճնշմանը դիմանալ միչև հոկտեմբեր ամիս. վստահ եմ՝ հոկտեմբերին Վրաստանի ժողովուրդը կընդունի միակ ճիշտ որոշումը, և այս հակաժողովրդավարական, հակաարևմտյան կուրսը կփոխվի, Վրաստանը կվերադառնա արևմտյան կուրսին, որից հետո այս ռուսական օրենքը, տուգանքներն, անկասկած, կվերացվեն, քաղաքացիական հասարակական կազմակերպությունները կշարունակեն գործել այնպես, ինչպես գործել են մինչև այս օրենքը»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
SJC-ի «Արդարություն և ժողովրդավարություն» ծրագրի տնօրեն Գուրամ Իմնաձեի պարզաբանմամբ՝ օրենքը չպետք է տարանջատել քաղաքական ենթատեքստից, քանի որ ի սկզբանե դա եղել է քաղաքական-տեխնոլոգիական պայքարի մաս։
«Նախ պետք է ընդգծել, որ այս օրենքն անհամատեղելի է Վրաստանի Սահմանադրության հետ. փաստորեն, մի շարք դրույթներ են խախտվում, ուստի մենք համատեղ հայց ենք ներկայացրել Սահմանադրական դատարան, մտածում ենք միջազգային մեխանիզմների կիրառման մասին։ Այս օրենքը նախատեսում է պարտադիր գրանցման բաղադրիչ։ Նախատեսվում է, որ այն կազմակերպությունները, որոնք հրաժարվում են գրանցումից և մոնիտորինգի արդյունքում կպարզվի, որ դրանք համապատասխանում են օտարերկրյա շահերը կրող կազմակերպության չափանիշներին, Արդարադատության նախարարությունը հարկադրաբար կգրանցի նման կազմակերպությունները»,- ասաց Գուրամ Իմնաձեն:
Օրենսդիր տեղեկագրում «Օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրի» առանցքային է N1019 հոդվածը, որը բաղկացած է վեց կետից և չորս հավելվածից։ Այս փաստաթուղթը սահմանում է «Գործակալների ռեգիստրի» ստեղծման անհրաժեշտ քայլերը, դրանք են.
- Առաջին քայլը դիմում ներկայացնելն է։ Գրանցամատյանում գրանցման համար պատասխանատու աշխատողը պետք է դիմի Արդարադատության տուն: Նա պարտավոր է դիմումը գործակալություն ներկայացնել գրավոր։
- Երկրորդ քայլով գրանցվողը դիմումում պետք է նշի կազմակերպությունը ղեկավարելու/ներկայացնելու լիազորված անձի կոնտակտային տվյալները՝ բջջային հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ Օգտատիրոջ անունը և գաղտնաբառը չեն կարող փոխանցվել մեկ այլ անձի, իսկ եթե կազմակերպությունը փոխել է ֆինանսական հայտարարագիրը լրացնելու համար պատասխանատու անձին, նրա մուտքը ռեգիստր ինքնաբերաբար կդադարեցվի։
- Երրորդ քայլը ֆինանսական հաշվետվության պատրաստումն է։ Գրանցվողը ֆինանսական հայտարարագրում պետք է նշի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են` կազմակերպության նույնականացման տվյալները, կազմակերպության հասցեն, կայքի հասցեն և այլն։
- Չորրորդ քայլը գրանցամատյանում գրանցումն է։
- Հինգերորդ քայլը մոնիտորինգն է, որն սկսվում է մեկամսյա ժամկետը լրանալուց հետո։
- Վեցերորդ քայլը վարչական իրավախախտման վերաբերյալ հետաքննության հարուցումն է։
Օրենքը նախատեսում է, որ որպես «օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպության» գրանցման համար հայտարարագիր չներկայացնելը կամ խուսափելը կհանգեցնի 25 հազար լարի տուգանքի։
Օրենքի ընդունված տարբերակի համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավունք կունենա 5000 լարիի չափով տուգանելու բոլոր անձանց, այդ թվում՝ ֆիզիկական անձանց՝ տեղեկատվություն չներկայացնելու համար։ Գաղտնի տեղեկատվություն չտրամադրելու համար անհատները ևս կարող են տուգանվել։
Հասարակական կազմակերպությունները պնդում են, որ չեն գրանցվելու «Վրացական երազանք»-ի առաջարկած «գործակալների» բազայում։
Ավելին՝ այստեղ: