Այսօր՝ ապրիլի 16-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ կսկսի «ռուսական օրենքի» քննարկումը, որին բազմահազարանոց բողոքի ակցիաների պայմաններում երեկ հավանության է արժանացրել իրավական հարցերով հանձնաժողովը։
Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կսկսվի ժամը 12-ին, իսկ երկրորդը` երեկոյան ժամը 19-ին։
Խորհրդարանի հաղորդմամբ, օրենսդիր մարմնում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարան արգելված է։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեսված խորհրդարանական միջոցառումներին (այդ թվում՝ հանձնաժողովների նիստերին) կմասնակցեն միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հրավիրած անձինք։
Ապրիլի 15-ի պես` այսօր էլ խորհրդարանում ընթացող գործընթացները լուսաբանելու հնարավորություն կունենան միայն հեռուստաընկերությունները։ Այսօր ևս արգելվել է տպագիր և առցանց լրատվամիջոցների մուտքը շենք։
Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին:
Ակցիային զուգահեռ, օրենսդիր մարմնի իրավական հանձնաժողովում շարունակվում էր «գործակալների օրենքի» քննարկումը, որը քաղհասարակությունը, ընդդիմությունը, նախագահն ու միջազգային գործընկերները կոչում են «ռուսական օրենք»: