Եվրամիության գերագույն ներկայացուցչի խոսնակ Պիտեր Ստանոն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, թե «ռուսական օրենքի ընդունումից հետո (ԵՄ անդամակցության — հեղ.) բանակցություններ սկսելու հնարավորությունը մեծացել է»։
«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը Ստանոյին հարցրել է, թե արդյո՞ք վարչապետի այս հայտարարությունն արտացոլում է իրականությունը, և արդյո՞ք Հանձնաժողովը մտադիր է փաստաթղթի տեսքով գնահատել «ռուսական օրենքի» ազդեցությունը Վրաստանի եվրաինտեգրման վրա:
Հարցին ի պատասխան` Ստանոն ասել է. «Օրենքի ընդունումը և ԵՄ-ից հնարավոր կոնկրետ արձագանքը հետագայում կլինեն արտաքին հարաբերությունների խորհրդի օրակարգում՝ հաջորդ երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների խորհրդի հերթական ամենամսյա նիստում»։
Ստանոն ընդգծել է, որ օրենքի ընդունումը հետքայլ է ԵՄ-ի ճանապարհից, ինչը, ըստ նրա՝ «փաստ է, ոչ թե կարծիք»։ Նա ընդգծել է նաև, որ «ԵՄ-ն շատ հստակ ասել է, որ օրենքը հակասում է ԵՄ հիմնական սկզբունքներին և արժեքներին:
«Օրենքի ուժի մեջ մտնելը հանգեցնում է Եվրահանձնաժողովի սահմանած ինը հանձնարարականներից առնվազն 3-ի չկատարմանը, որոնք հաստատել են ԵՄ ղեկավարները թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ»,- հայտարարել է Ստանոն։