«Ռուսական օրենքի» ընդունման դեպքում անդամակցության բանակցություններ չեն սկսվի. Ռոթ

Թբիլիսիում այցով գտնվող Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթն ասել է, որ եթե «ռուսական օրենքն» ընդունվի, Վրաստանի հետ անդամակցության շուրջ բանակցություններ չեն սկսվի։ Այս հայտարարությունը նա արել է Վրաստանի ընդդիմության անդամների հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով, եվրոպական պատվիրակությունը եկել է Վրաստան շատ հստակ ուղերձով՝ Վրաստանի տեղը Եվրոպայում է:

«Մենք վրաց ժողովրդի բարեկամներն ենք, մենք խորապես հավատում ենք, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է, և դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն զարգացնելու համար»,- ասել է Ռոթը:

Վրաստանի կառավարությանն ու իշխող կուսակցությանը Ռոթը կոչ է արել փակել «օտարերկրյա գործակալների» օրենքի էջը. «Ես Վրաստանի պայծառ ապագայի հնարավորություն չեմ տեսնում, եթե կառավարությունը հետ չկանչի այս օրենքը։ Իմ հարգանքն եմ հայտնում վրացի ժողովրդին, որը խաղաղ ցույց է անում փողոցում: Այս դժվարին մարտահրավերների ժամանակ Թբիլիսին իսկական եվրոպական մայրաքաղաք է։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ զրուցելու իշխանության, խորհրդարանի, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:

Նա նաև հավելել է՝ «գործակալների օրենքի» առկայության պայմաններում բանակցություններ սկսելու հնարավորություն չի տեսնում, և ԵՄ-ի ուղերձը շատ պարզ է:

Ռոթը եվրոպացի դիվանագետների հետ միասին այսօր՝ մայիսի 13-ին, լուսադեմին է ժամանել Թբիլիսի։ Այսօր՝ ժամը 9-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումն այսօր տևել է 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։

Ի դեպ, մայիսի 10-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ չի հանդիպելու եվրոպական երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին, քանի որ նրանք հարմար ժամանակ չեն ընտրել իրենց այցի համար։