Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել «ռուսական օրենքի» դեմ պայքարող, ձերբակալված ակտիվիստներ Ուչա Աբաշիձեի և նրա կնոջ՝ Մարիամ Իաշվիլիի գործով։
ՆԳՆ–ի տվյալներով՝ Ուչա Աբաշիձեն և կինը ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել տարբեր անձանց ինտիմ հարաբերությունները պատկերող նյութեր։ ՆԳՆ-ն նշել է, որ Մարիամ Իաշվիլիի բնակարանում հայտնաբերվել են թաքնված տեսա-ձայնագրող սարքեր։
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձեն պնդել է, որ Ուչա Աբաշիձեն և նրա կինն ապօրինի կերպով նկարել և պահել են այլ անձանց ինտիմ հարաբերությունների մասին տեսանյութեր:
«Ձայնագրող սարքերը տեղադրվել են հյուրասենյակի տարբեր հատվածներում, այդ թվում՝ կենցաղային իրերի ու տեխնիկայի վրա։ Բացի այդ, Մ.Ի.-ի կոնտակտային տվյալները տեղադրվել են այն ինտերնետային կայքերում, որտեղ առաջարկվում են սեռական ծառայություններ»,- հայտնում են ՆԳՆ-ից:
Նշենք, որ Ուչա Աբաշիձեն և կինն այս պահին կալանավորված են: Աբաշիձեի փաստաբան Շոթա Թութբերիձեի կարծիքով, Աբաշիձե ամուսինների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումն անարդար է և անհիմն։ Փաստաբանն ասել է, որ Աբաշիձեն իր մեղքը չի ընդունում։ Նախաքննական նիստը նշանակվել է հուլիսի 2-ին։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 157-րդ պրիմա և 236-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են անձնական կյանքի գաղտնիքների ապօրինի ձեռքբերում և պահպանում, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի ապօրինի գնում-պահում։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում ամբաստանյալներին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Ի դեպ, «Գործակալների օրենքին» դեմ բողոքող ակտիվիստ Աբաշիձեն այս օրերին հայտնի էր ցուցարարների համար ակցիաների ընթացքում պաշտպանվելու ուղեցույց-տեսահոլովակներ հրապարակելով։ Ոստիկանները Աբաշիձեի տուն են մտել մայիսի 9-ի երեկոյան։ Ձերբակալությունից հետո հայտնի դարձավ, որ նրան առաջադրված մեղադրանքը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք գնելուն ու պահելուն։ ՆԳՆ-ն Աբաշիձեի վերաբերյալ ձերբակալության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, սակայն, խոսվում է նաև Վրաստանի արդարադատության նախարարության և խորհրդարանի կայքերի վրա կիբերհարձակման փաստերի մասին։ Աբաշիձեի մոր՝ Լիա Թոդուայի խոսքով, որդու տանից առգրավված զենքերից միայն երկուսն է իրական, մյուսները՝ խաղալիք են: Նշենք նաև, որ ոստիկանները Մարիամ Իաշվիլիի տանից դաշնամուր էին առգրավել: