Այսօր՝ ապրիլի 25-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2200 լարիի չափով տուգանել է «գործակալների մասին օրենքի» դեմ՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» ակցիաների մասնակից, 18-ամյա աշակերտ Սանդրո Ջոխաձեին։ Նրա շահերը պաշտպանում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։
Կազմակերպությունից radiotavisupleba լրատվամիջոցին ասել են, որ կողմի համաձայնության դեպքում կբողոքարկեն դատավորի որոշումը։
Եղբայրներ Սանդրո և Գիգա Ջոխաձեները ձերբակալվել են խորհրդարանի աջ մուտքի մոտ գտնվող փողոցում` ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերվա բողոքի ակցիայի ժամանակ։
Ֆեյսբուքում տարածված լուսանկարում Սանդրո Ջոխաձեն և նրա ընկերը՝ Թեմո Կոկոզաշվիլին, դեմքով կանգնած են դեպի հատուկ ջոկատայինները: Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Բուդու Զիվզիվաձեն «գործակալների օրենքի» դեմ գրառմանը կից հրապարակել է հենց այդ լուսանկարը։
Ըստ ՀԿ-ի՝ այս պահին ընթանում է Սանդրո Ջոխաձեի դատավարությունը։
Վրաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «գործակալների մասին օրենքը»։ «Վրացական երազանք»-ի նպատակն է «դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների թափանցիկությունը և պետական ինքնիշխանության պաշտպանությունը»։
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքը անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման համար աշխատող կազմակերպություններին և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են Վրաստանի իշխանությանը, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։