Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանձնարարությամբ 59 քաղաքապետարանների, սակրեբուլոների (քաղաքային խորհուրդ), պետական ոչ առևտրային կազմակերպությունների 320 աշխատակիցներ համակարգված կերպով տարածում են «ռուսական օրենքը» սատարող գրառումները։ Տեղեկությունը տարածել է «Աի, փակտի» հետաքննող լրագրողների միությունը։
Ըստ «Աի, փակտի»-ի՝ «Վրացական երազանքի» ստի տարածման սխեման հետևյալն է. գրառումը տարածում է կուսակցության կենտրոնական գրասենյակը կամ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն։ Նրա գրառումն ակնթարթային արագությամբ տարածում են նահանգապետերն ու քաղաքապետերը: Դրանից հետո այդ «պարտականությունը» բաշխվում է վարչակազմի այլ աշխատակիցների և Ա(Ա)ԻՊ-երի։
«Վրաստանի մունիցիպալիտետներում և ինքնակառավարվող քաղաքներում ներկայումս աշխատում է առնվազն 20 հազար մարդ, և ինչպես ցույց է տալիս մեր դիտարկումը, իշխող կուսակցությունը փորձում է նրանց լիարժեք մոբիլիզացնել։ Դրա օրինակներից են Ամբրոլաուրիի քաղաքապետարանի ներքին չաթերի լուսանկարները, որոնք մեզ տրամադրել է աղբյուրը։ Չաթում Ամբրոլաուրիի քաղաքապետի խորհրդական Գիգի Նատմելաձեն աշխատակիցներին կոչ է անում ակտիվ լինել և ցուցումներ է տալիս, թե ինչպիսի մեկնաբանություններ պետք է գրեն»,- գրել է «Աի, փակտի»-ն:
Հետաքննող լրագրողների միության տվյալներով, իրենք սոցցանցով կապվել են Գիգի Նատմելաձեի հետ և հարցրել, թե ինչու է հրահանգներ ուղարկում Ամբրոլաուրիի չաթում: Նատմելաձեն պատասխանել է, որ «Աի, փակտի»-ն սխալ տեղեկություններ ունի, ինչից հետո զանգն ընդհատվել է:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։
Ի դեպ, երբ իշխող ուժը կրկին խորհրդարան ներկայացրեց 2023-ին մերժված «ռուսական օրենքը», կառավարական մի շարք էջեր, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սկսեցին շրջանառել «Վրացական երազանքի» ներկայացրած օրինագծի «բացատրական ազդագրեր (posters)»: Ազդագրերում «Վրացական երազանքը» մերժված «ռուսական օրենքի» փոքր-ինչ փոփոխված տարբերակը փորձում է ներկայացնել դրական լույսի ներքո:
Ի պատասխան իշխող ուժի՝ քաղհասարակությունը ներկայացնում է «ռուսական օրենքի» իրական կողմը, այդ օրենքի իրապես ռուսական լինելու փաստարկները և որ ամենակարևորն է` օրենքի վնասաբեր հետևանքները Վրաստանի եվրոպական ուղու առումով:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը