«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Վրաստանի խորհրդարանին կոչ է անում մերժել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» խմբի առաջադրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:
TI-ի գնահատմամբ, եթե օրինագիծը հաստատվի, ապա դա լուրջ բացասական ազդեցություն կունենա Վրաստանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների առանց դրա էլ նվազած տարածքի վրա, ինչպես նաև կխաթարի Վրաստանում կոռուպցիայի դեմ հետագա առաջընթացը:
Ըստ TI-ի՝ օրինագիծն արտացոլում է 2012 թվականին Ռուսաստանում ընդունված օրենքը, որը խստորեն դատապարտվում է միջազգային հանրության կողմից։ TI-ն պնդում է նաև, որ օրինագիծը հակասում է Վրաստանի կառավարության հայտարարած եվրոպական նկրտումներին։
«Օտարերկրյա ֆինանսավորում ստացող քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին «օտարերկրյա գործակալ» հայտարարելու առաջարկը նույնպես հակասում է Եվրամիության անդամ դառնալու վրացական կառավարության հայտարարած նկրտումներին: Կենսունակ քաղաքացիական հասարակությունը Վրաստանի ամենամեծ հարստությունն է:
Եթե այդ օրինագիծն ընդունվի, դա կխաթարի հետագա առաջընթացը մի շարք ոլորտներում, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը…», — նշված է TI-ի հայտարարության մեջ: