Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակել է 2024 թվականի մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած «ռուսական օրենքի» վրա դրված վետոյի դրդապատճառները:
Նախագահի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքը մանրակրկիտ կրկնում է «ռուսական օրենքի» ոգին և իրականում նույնն է, ինչ 2023 թվականին հետ կանչված «գործակալների օրենքը»: Նախագահի խոսքով՝ օրենքը հակասահմանադրական է. հակասում է Սահմանադրության 11-րդ, 15-րդ, 22-րդ, 78-րդ հոդվածներին: Նախագահը մի շարք փաստարկներ է բերել և նշել, որ օրենքը`
- Հակասում է Սահմանադրության 22-րդ հոդվածին (միավորումների ազատություն)։ Օրենքը ստիպում է կազմակերպություններին գրանցվել օտար տերության շահերը կրող, այսինքն՝ որպես գործակալ: Նման ինքնագնահատականի պարտադրումը կհանգեցնի նրանց խարանման։ Օրենքը ստեղծում է բոլոր պայմանները կազմակերպության գործունեությունը սահմանափակելու և ի վերջո` փակելու համար:
- Հակասում է Սահմանադրության 15-րդ հոդվածին (գաղտնիության և ընտանեկան կյանքի, անձնական տարածության և հաղորդակցության իրավունքներ): Օրենքը, ի թիվս այլ բաների, նախատեսում է անձնական տվյալների հատուկ կատեգորիա տրամադրելու պարտավորություն, որը խախտում է անձի սահմանադրական իրավունքները՝ պաշտպանելու իր անձնական և ընտանեկան տարածքը ցանկացած անհիմն միջամտությունից։ Այս առումով օրենքը ծառայում է վախին և վախի սերմանմանը:
- Հակասում է Սահմանադրության 11-րդ հոդվածին (հավասարության իրավունք): Օրենքը խտրական է, քանի որ ընդգրկում է միավորումների միայն որոշակի հատվածը, և փաստարկված չէ, թե ինչու է խտրականություն դրսևորում ոչ առևտրային կազմակերպություններին օտարերկրյա ֆինանսավորում ստանալու հիման վրա: Գնահատելով Հունգարիայում գործող օրենքը՝ Արդարադատության եվրոպական դատարանը (CJEU) եզրակացրել է, որ Հունգարիայում իրավաբանական անձանց միջև տարբերությունը՝ հիմնված ֆինանսավորման աղբյուրի վրա, անուղղակի խտրականություն է:
- Հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին (ինտեգրում եվրոպական և եվրատլանտյան կառույցներին): Օրենքն իր ձևով և բովանդակությամբ իրական խոչընդոտ է Վրաստանի եվրաինտեգրման համար։ Եվրամիության պաշտոնական կառույցների դիրքորոշումը հստակ է՝ օրենքը դեմ է եվրոպական արժեքներին և պահանջներին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունեցող երկրի համար։ Օրենքն ուղղակիորեն հակասում է սահմանադրությամբ սահմանված պարտավորությանը, որը դրված է սահմանադրական մարմինների վրա՝ ձեռնարկելու բոլոր միջոցները երկրին ինտեգրվելու համար։
Ըստ նախագահի՝ այս օրենքը հնարավոր չէ շտկել. օրենքն իր ողջ բովանդակությամբ հակասահմանադրական է, հետևաբար՝ ոչ վրացական, ոչ եվրոպական և ոչ ժողովրդավարական. «Այսպիսով, սա բարելավման ենթակա չէ փոփոխությունների կատարման միջոցով, քանի որ ընդունելի չեն դրա էությունը, բովանդակությունը, սկզբունքները։ Ըստ այդմ, օրենքի տապալումն այլընտրանք չունի և ներկայացնում է վրաց ժողովրդի կամքը»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագահը խորհրդարանին առաջարկում է օրենքն ուժը կորցրած ճանաչել շուտափույթ՝ հենց հաջորդ օրը:
Նախագահի մոտիվացված դիտարկումներին կցված է 2023 թվականի հուլիսին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի իրավական եզրակացությունը՝ որպես հավելված։
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին այսօր ասել է, որ նախագահի բերած փաստարկները «էական չեն, ինչպես նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ»։
Հիշեցնենք, մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել «գործակալների օրենքի» վրա։ Նրա խոսքով՝ դա «ռուսական օրենք» է և հակասում է թե՛ երկրի սահմանադրությանը, թե՛ եվրոպական ստանդարտին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանը կհաղթահարի «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։