Գորիի մունիցիպալիտետի Քուշի գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ին գյուղի մերձակայքում նկատել են ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներին` պարիսպներ տեղադրելիս։
Օրվա վերջին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաստատել է ապօրինի «սահմանագծման» հերթական փաստը։
ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք.
«Օկուպացված Զեմո Արծևի գյուղի կողքին նկատվել է ռուսական օկուպացիոն ուժերի ձեռնարկած ապօրինի սահմանազատման ևս մեկ փաստ։ Սա ապօրինի «սահմանագծման» գործընթացի շարունակությունն է, որը սկսվել է 2021 թվականին։ Գործարկվել է թեժ գիծ, և Եվրամիության դիտորդական առաքելությունը տեղեկացվել է անօրինական սահմանագծման այս փաստի մասին։
Տեղեկությունը փոխանցվել է միջազգային կազմակերպության համանախագահներին…»։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ անօրինական սահմանագծումների, նաև կալանավորումների կործանարար պրակտիկան բարդացնում է տեղի բնակիչների առօրյան և լրջորեն վնասում է անվտանգության միջավայրը, որի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպանտ իշխանությունը։
Ի դեպ, սեպտեմբերի 23-ին Էրգնեթիում տեղի կունենա միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմի հաջորդ հանդիպումը, որտեղ կքննարկվեն վերջին ամիսներին հակամարտության գոտում արձանագրված միջադեպերը։
Բացի ապօրինի «սահմանագծման» դեմ բողոքից, վրացական կողմը պահանջում է նաև ազատ արձակել Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի բանտում ներկայումս իրենց պատիժը կրող Վրաստանի 4 քաղաքացիների։