Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Եվրոպական քաղաքական միության (EPC) երրորդ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ Ռուսաստանն արդեն պլանավորում է Վրաստանի տարածքում կառուցել 3-րդ ռազմածովային բազան, որն, իհարկե, առանց Վրաստանի թույլտվության է արվում:
Ըստ վարչապետի՝ սա օկուպացիայի արդյունքն ու շարունակությունն է. «Մենք այսպես ենք ընկալում այս անօրինական որոշումը»:
Կառավարության ղեկավարն ասել է՝ մասնակցել է կլոր սեղանի ձևաչափով կարևոր քննարկման, որտեղ քննարկվել են բազմակողմանիության, աշխարհառազմավարական և անվտանգության հարցեր:
Նրա խոսքով, բնականաբար, խնդիրը կապված է ուկրաինական պատերազմի և տարածաշրջանի վրա ունեցած ազդեցության, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված վերջին զարգացումների հետ։
«Մենք խոսել ենք այս հարցերի շուրջ և կարծում եմ, որ մեր մասնակցությունն այս ֆորումին շատ կարևոր էր»,- ասել է վարչապետը։
Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշում է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։
Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և նրա ենթակառուցվածքը ուկրաինացիների հարվածների պատճառով լքում են Ղրիմը և տեղափոխվում Վրաստան, և նրանք կտեղակայվեն Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: