Վրաստանի 100-ից ավելի հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել` պնդելով, որ «Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսի-Մոսկվա թռիչքների թույլտվությունն ուղղակի դիվերսիա է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ»:
ՀԿ-ների ազդագրի մեջ ընդգծված է. «Ռուսական օդանավը ԵՄ տարածքում վայրէջք չի կատարում»:
Ըստ նրանց՝ ԵՄ-ն հասկացնել է տվել, որ ինքն ու իր գործընկերները թույլ չեն տալիս թռիչքներ իրականացնել Ռուսաստանից կամ դեպի Ռուսաստան, և Վրաստանի կառավարության այդ որոշումը մտահոգություն է առաջացնում Վրաստանի՝ ԵՄ արտաքին քաղաքականությանը համապատասխանելու վերաբերյալ «Ասոցացման համաձայնագրում» նշված պարտավորությունների վերաբերյալ:
Կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն, հակառակ վրաց ժողովրդի 89 տոկոսի կամքի և Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի, կառավարությունը շարունակում է փոխել իր արտաքին քաղաքականությունը։
Նրանց խոսքով, Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ նման դեմարշն անտեսում է վրաց ժողովրդի ընտրած արտաքին կուրսը, որն արդեն վրաց ժողովրդին տվել է առանց վիզայի ճանապարհորդություն և ուղիղ թռիչքներ դեպի ԵՄ, ոչ թե` դեպի Ռուսաստան։
«Մեր բնակչությունն արդեն իսկ տուժում է իշխանությունների վարած արտաքին քաղաքականության պատճառով, որի հետևանքներից մեկն էլ ռուսների ներգաղթի ավելացումն է դեպի Վրաստան։ Այս քաղաքականության հետևանքով առաջացած գների կտրուկ աճը լրացուցիչ բեռ է, որը պետք է վճարեն Վրաստանի քաղաքացիները։
Մենք իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել թեկնածուի կարգավիճակի սաբոտաժը, անհապաղ հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթեր սկսելու որոշումից, որը վնասում է Վրաստանի շահերին»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։