«Անտեսանելի բեռ. պատժամիջոցների տակ գտնվող նավթի ճանապարհը Ռուսաստանից Եվրոպա». այս վերտառությամբ հետաքննական հոդված է հրապարակել iFact հետաքննող լրագրողների միությունը։
Հետաքննական հոդվածում խոսվում է Ռուսաստանից Եվրոպա պատժամիջոցների տակ գտնվող նավթի արտահանման և այդ սխեմայում Վրաստանի դերի մասին։
iFact-ի տվյալներով, 2023-2024 թվականներին Վրաստանից Իսպանիա է մտել վրացական ծագման 99 հազար տոննա նավթ՝ ընդհանուր 49 միլիոն եվրո արժողությամբ։ Այս նախադասության մեջ կա երկու կասկածելի հանգամանք.
- Վրաստանն այս քանակությամբ նավթ ձեռք չի բերել:
- Արտահանման այս տվյալները բացակայում են Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների բազայում, բայց կան Իսպանիայում։
Հետաքննող լրագրողների թիմը հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է դա բացատրել. արդյոք ընդամենը տեխնիկական վրիպակ է, որը բազայում չի արտացոլվել, թե՞ «այս ամենում ներգրավված է մեր հարևան ագրեսորը (Ռուսաստանը — հեղ.), որին արգելված է նավթ արտահանել Եվրոպա, և այլընտրանքային ճանապարհներ են պետք՝ պատժամիջոցային ապրանքն արտահանելու համար»։
«Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայում շարունակվում է արդեն երրորդ տարին։ Ագրեսորին թուլացնելու համար քաղաքակիրթ աշխարհը պատժամիջոցներ սահմանեց նրա դեմ։ Նպատակը տնտեսությունը փլուզելն էր և արդյունքում սահմանափակելը օկուպանտի մարտունակությունը։ 2022 թվականի դեկտեմբերից ռուսական նավթի վաճառքը եվրոպական երկրներին աստիճանաբար արգելվել է։ 2022 թվականի վերջից ի վեր Ռուսաստանից ուղղակիորեն Եվրոպա նավթի ներմուծումը 24 տոկոսից նվազել է 4 տոկոսի», — նշված է հոդվածում:
iFact-ի պնդմամբ՝ սա չի նշանակում, որ Ռուսաստանն այլևս չի կարողանում նավթ վաճառել և կորցնում է իր հիմնական ռեսուրսը: Նրանք կարծում են, որ սխեման ավելի մտածված է. պատժամիջոցների պատճառով ստիպված են եղել անցնել ոչ ավանդական, նոր երթուղիների և վաճառքի շուկաների։ Այսինքն՝ ելքեր են գտել պատժամիջոցային ապրանքը վաճառելու համար։ Ռուսաստան-Եվրոպա ուղղությունը փոխվել է այսպես՝ Ռուսաստան-երրորդ երկիր-Եվրոպա։ Բեռը մնացել է անփոփոխ։
iFact-ը նշել է՝ Վրաստանի տարածքը Ռուսաստանի համար «սև խոռոչ» է, և Ռուսաստանը հաջողությամբ դա օգտագործում է պատժամիջոցներից խուսափելու համար։
«Եթե մինչ այժմ լսում էինք, որ Եվրոպայից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են մտնում Վրաստանի տարածքով, ապա այժմ կարելի է ասել, որ Ռուսաստանից պատժամիջոցային ապրանքները Եվրոպա են մտնում նաև Վրաստանի տարածքով», — ընդգծում է iFact-ը:
- Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Վրաստանից եվրոպական երկրներ նավթի արտահանումը 2022 թվականից ի վեր աճել է 15 անգամ,
- Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստան նավթի թիվ մեկ ներկրողը` և՛ ծովային, և՛ երկաթուղային ճանապարհով,
- Վրաստանից Եվրոպա նավթի ներմուծման և արտահանման վերաբերյալ Geostat-ի պաշտոնապես հրապարակած տվյալները չեն համընկնում ՄԱԿ-ի Միջազգային առևտրի պաշտոնական տվյալների բազայի և այլ հեղինակավոր տվյալների բազայի տվյալների հետ,
- Ռուսաստանից Վրաստան են ներկրվում ավելի շատ նավթ և նավթամթերք, քան վրացական կողմը պաշտոնապես գրանցել է։
iFact-ն ընդգծում է՝ Եվրոպայում ավելի շատ նավթ և նավթամթերք է վաճառվում որպես «վրացական», քան Վրաստանն է ձեռք բերում:
Ավելին՝ ifact.ge-ի հոդվածում: