Ռուսական նավի պաշտպանության համար 550 ոստիկան է մոբիլիզացվել

Ռուսաստանի Սոչի քաղաքից Բաթումիի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը պաշտպանելու համար Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 550 ոստիկան է մոբիլիզացրել:

ՆԳՆ-ն մոբիլիզացրել է Աջարիայի, Գուրիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանական բաժանմունքների աշխատակիցներին։

Աջարիայի ոստիկանության վարչության տվյալներով, լրացուցիչ ոստիկանների մոբիլիզացման պատճառ է դարձել ASTORIA GRAND-ի դեմ բողոքի ակցիան հանգիստ անցկացնելու, հասարակական անվտանգության և օրենքն ու կարգը պաշտպանելու նպատակով:

2023 թվականի հուլիսի 31-ին լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների նպատակով Բաթումիում գտնվող Վրաստանի ՆԳՆ-ի 550 աշխատակիցներին սնունդ, ջուր և շոկոլադ ապահովելու համար ծախսվել է ընդհանուր առմամբ 6 572 լարի և 50 թեթրի։

Ի դեպ, հուլիսի 31-ի լուսադեմին ASTORIA GRANDE-ն հերթական անգամ Վրաստան է բերել ռուս զբոսաշրջիկների։ Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև պատերազմի կողմնակիցներ և պուտինամետ ակտիվիստներ: Նավի ժամանմանը զուգահեռ կրկին բողոքի ակցիա է մեկնարկել:

Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությանը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:

Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։