Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն անվանել է «ռուսական երազանք»։
Նախագահը TV Pirveli-ին տված հարցազրույցում ասել է, որ երկար ժամանակ ձեռնպահ էր մնում նման գնահատական տալուց, բայց այժմ քննարկվում է երկրի անկախությունն ու եվրոպական ուղին։
Ըստ նախագահի` «Վրաստանն այժմ այնպիսի խաչմերուկի ու «կամ-կամ»-ի մեջ է, որը նախագահից պահանջվում է չեզոքություն, զգուշություն, պետության մասին մտածողություն»։
«Այսօր պետության մասին մտածել նշանակում է մտածել անկախության և եվրոպական ուղին փրկելու մասին», — ասել է Զուրաբիշվիլին։
Լրագրողի ճշտող հարցին, որ արդյո՞ք «Վրացական երազանքը» «ռուսական երազանք» է, նախագահը պատասխանել է. «ռուսական երազանք է»։
Ի դեպ, վերջին օրերին իշխանությունն իր վարած արտաքին քաղաքականության համար քննադատությունների էպիկենտրոնում է։ Ապրիլի 3-ին իշխող կուսակցությունը կրկին խորհրդարան է ներկայացրել, այսպես կոչված` գործակալների մասին օրենքը, որը նախագահը, անկախ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները անվանում են «ռուսական օրենք»: Վրաստանի միջազգային գործընկերները մտահոգված են օրենքի նախագծի վերսկսմամբ։