
Ռուսաստանին բռնակցված Ուկրաինայի Դոնեցկի մարզի (Ռուսաստանը հռչակել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն) դե ֆակտո Գերագույն դատարանը քրեական գործով հեռակա ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացի, 30-ամյա Կուկուրի Բարամիձեին, նույն ինքը՝ վրացի բլոգեր Դոմենիկ Մանգոյին:
ՌԴ գլխավոր դատախազության կայքում նշված է, որ Բարամիձեն մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանի մասնակցություն զինված ընդհարմանը) և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Ակտիվիստ և բլոգեր Դոմենիկ Մանգոն (Կուկուրի Բարամիձե) արձագանքել է որոշմանը: «Երբ տեսա այս լուրը, ծիծաղեցի: Ի՞նչ հանցագործություն է, այնուամենայնիվ, պատերազմի սկսվելուց հետո վեցերորդ օրը, երբ շոկի մեջ գտնվող կանայք ու երեխաները, որոնք չգիտեին` ուր գնալ, և հեծանիվ վարող երեխաներին ռմբակոծում էին, ինչպե՞ս կարող է այդ մարդկանց օգնելը հանցագործություն լինել», — ասել է բլոգերը վրաստանյան TV Pirveli հեռուստաընկերության հետ զրույցում։
Ըստ Դոմենիկ Մանգոյի՝ «Ռուսաստանի համար ընդհանրապես արդարություն չկա», հետևաբար, այդ որոշումը էմոցիոնալ առումով չի ազդում իր վրա։
Նշենք նաև, որ նույն դատարանը մարտի 25-ին հեռակա կարգով 24 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի 34-ամյա քաղաքացի Լևան Պիպիային։ Մարտի 24-ին լրատվամիջոցները հայտնել են 60-ամյա Նադիմ Խմալաձեի դատապարտման մասին. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
2024 թվականի նոյեմբերին Ուկրաինայում կռվող «Վրացական լեգեոն»-ի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին հեռակա դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։ «Վրացական լեգեոն»-ը Ռուսաստանում հայտարարվել է «ահաբեկչական կազմակերպություն»։
Անցյալ տարվա փետրվարին «Մեդիազոնա» լրատվամիջոցը հրապարակել էր ՌԴ ՆԳՆ-ից հետախուզվող տարբեր երկրների քաղաքացիների ցուցակը. նրանց ՌԴ-ն հետախուզում է որպես «օտարերկրյա վարձկաններ»։ Նրանցից ամենամեծ խումբը՝ 100 հետախուզվող, Վրաստանի քաղաքացիներ էին, նրանց թվում՝ ակտիվիստ և բլոգեր Դոմենիկ Մանգոն։