Վրաստանը 2019 թվականին Պրահայի հանդիպումների շրջանակներում կշարունակի հումանիտար և տնտեսական հարցերի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն:
Պրահայի բանակցությունները երկու երկրների միջև ոչ ֆորմալ երկխոսություն է, որը մեկնարկել է Վրաստանում 2012-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Բանակցություններին մասնակցում են վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«2019-ին հանդիպումները կշարունակենք: Այսպիսին է մեր և մեր արևմտյան գործընկերների տեսլականը, վերջինների հետ մշտական խորհրդատվություններ ունենք: Առևտրային, տրանսպորտային և հումանիտար հարցերի վերաբերյալ այս երկխոսությունները պարտադիր են: Նախորդ տարի այս ուղղությամբ որոշ դինամիկա արձանագրվեց․ զարգացան նոր միտումներ նկատվեցին Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտր-տնտեսական հարաբերություններում», — Առաջին ալիքի եթերում հայտարարել է Աբաշիձեն: Փոխանցում է Սպուտնիկ Վրաստանը: