Վրաստանի դիստրիբյուտորների բիզնես ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիան խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմն ազդում է լարիի փոխարժեքի վրա։
Ըստ Ճկղոնիայի՝ պատերազմի մեջ են ներքաշված երկու խոշորագույն արտահանողներն ու ներկրողները, փակվում են շուկաները, կրճատվում են տրանսֆերտները, որն էլ բնականաբար լարիի փոխարժեքի վրա կանդրադառնա։
«Պատերազմի մեկնարկից մեկ օր անց լարին արժեզրկվել է մոտ 15 տոկոսային կետով։ Սա կարելի է անվանել նաև զգացմունքային գործոն։ Մենք լավ գիտենք, որ երկու խոշորագույն արտահանողները և ներմուծողները պատերազմում են։ Ոչ ոք չգիտի, թե դա երբ կավարտվի։ Ռուս-ուկրաինական շուկաները փակ են, կասեցվել են տրանսֆերտները այդ երկրներից, կասեցվել է բեռնաշրջանառությունը։ Այս շղթան, ի վերջո, բացասական ազդեցություն կունենա լարիի վրա»,- ասել է Ճկղոնիան։
Ճկղոնիայի խոսքով, լավ կլինի, եթե լարին գտնի հավասարակշռության կետ և կայունանա.
«Եթե և՛ Ազգային բանկը, և՛ կառավարության տնտեսական թիմը արագ չմիջամտեն, մենք կստանանք նույն արդյունքը, ինչ ունեինք կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ գնաճը հասնում էր 14 տոկոսի»։
Ըստ դիստրիբյուտորների բիզնես ասոցիացիայի ղեկավարի՝ «ցավոք, գները դեռ բարձրանում են, ինչը անշրջելի գործընթաց է, որն ուղեկցվում է լարիի արժեզրկմամբ»։
«Պատերազմի պատճառով որոշակի ապրանքների պահանջարկը կաճի։ Օրինակ՝ արևածաղկի ձեթի հիմնական արտահանողները եղել են Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ակնկալվում է, որ աշխարհում դեֆիցիտ կլինի, և այլընտրանքային շուկաներից ներկրվող ապրանքը համեմատաբար բարձր գին կունենա»,- ասել է Ճկղոնիան։
Կարդացեք նաև՝
Ինչպես կազդեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Վրաստանի տնտեսության վրա