RSF-ը դատարանին կոչ է արել վերանայել Գվարամիայի գործը

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունն արձագանքել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալությանն ու դատարանին կոչ է արել վերանայել գործը։

RSF-ը Գվարամիայի ձերբակալությունն անվանել է «աննախադեպ», «ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով» գործ և ասել, որ Վրաստանում անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների համար աճող սպառնալիք կա, ինչը մտահոգություն է առաջացնում:

«Դատավճռի խստությունը և կալանքի կիրառումը նման անորոշ հիմքերով, թույլ են տալիս ենթադրել, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի՝ ուղղված ընդդիմադիր լրատվամիջոցների թուլացմանը», — ասել է RSF-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Ժան Կավալյեն։

Կազմակերպության հայտարարության մեջ նաև նշվում է, որ «սա առաջին դեպքն է Վրաստանում, երբ ընդդիմադիր լրատվամիջոցների ղեկավարը դատապարտվում է ազատազրկման».

«Մենք կոչ ենք անում դատարանին անհապաղ անցկացնել անկախ լսումներ Նիկա Գվարամիայի գործով, իսկ իշխանություններին կոչ ենք անում կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ ապահովելու անվտանգ միջավայր Վրաստանի բոլոր լրատվամիջոցների համար»:

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն մայիսի 16-ին ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց։

Կարդացեք նաև՝ 

 

Գվարամիայի ազատազրկման արձագանքներն ամփոփ

Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը