Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող կարևոր զարգացումներից է Ռիոնիի կիրճում ՀԷԿ-ի կառուցումը: Այստեղ ավելի քան 170 օր է հսկում են «Կիրճի պաշտպանները», թեև այսօրվա դրությամբ «պաշտպաններին» ոստիկանությունը հանել է կիրճից և փակել ճանապարհը. նրանց միջև 17 կմ հեռավորություն է:
Ինչից սկսվեց
2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվեցին ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության պետք է լինի անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։ Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 800 մլն դոլար և այն պետք է իրականացնի Թուրքական «Enka Riniebels Ltd» ընկերությունը:
Ըստ տվյալների՝ Նամախվանիի ՀԷԿ-ի տարեկան արտադրողականությունը պետք է լինի 1 500 ԳՎտ/ժ։ Վրաստանի կառավարության հայտարարության համաձայն՝ ՀԷԿ-ի կառուցմամբ երկիրը կունենա անկախ էներգետիկ համակարգ և կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն այս պնդման հետ կապված «iFact» հետաքննող լրագրողների միությունը գրում է, որ ՀԷԿ-ի արտադրածը կլինի երկրի տարեկան սպառման էներգիայի ընդամենը 11 տոկոսը: Ըստ նրանց, այս թվերը ցույց են տալիս, որ Նամախվանին չի կարող լինել Վրաստանի էներգետիկ անկախության երաշխիքը: Ավելին, պայմանագիրը կազմված է բոլորովին այլ վերապահումով:
«Փաստաթղթում նշվում է, որ ՀԷԿ-երի օպերատոր ընկերությունը 15 տարի անց ցանկացած պահի կկարողանա արտահանել արտադրված էլեկտրաէներգիան: Գործարկումից հետո 15 տարի շարունակ այն կարող է էներգիա վաճառել այլ երկրների՝ բացառությամբ տարվա պիկ ժամանակահատվածների (ապրիլ-սեպտեմբեր ամիսներին): Այսինքն, ստացվում է, որ 15 տարի անց, եթե Թուրքիան ավելի շատ գումար առաջարկի ՀԷԿ-ի օպերատորին, ապա նրանք էլ.Էներգիա կվաճառեն իրենց և ոչ թե մեզ», — գրում է «iFact»-ը:
Թուրքական ընկերության մասին
Ինչպես նշեցինք, ըստ Վրաստանի կառավարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքների, ՀԷԿ-ը պետք է կառուցի Թուրքական «Enka Riniebels Ltd» ընկերությունը: Կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, Ռիոնիի կիրճում թուրքական ընկերության սեփականություն է դարձել 322 հա տարածք և 283 հա հողատարածք տրվել 99 տարի օգտագործման ժամկետով (ընդհանուր՝ 605 հա): Նշված հողատարածքների օգտագործման համար ընկերությունը տարեկան պետությանը պետք է վճարի ընդամենը 16 լարի (մոտ 4,5 ԱՄՆ դոլար):
«Էնկա»-ն թուրքական հոլդինգ է: Այն հիմնադրվել է 1957 թվականին և հանդիսանում է խոշոր միջազգային շինարարական ընկերություն Թուրքիայում: Նա ավարտել է տասնյակ ծրագրեր Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում: Ընկերությունն առաջին անգամ հայտնվել է խորհրդային տարածքում 1980-ականներին, իսկ դրանից հետո Ռուսաստանում իրականացրել է մի քանի խոշոր նախագծեր: «Էնկա»-ի հիմնադիրն ու նախագահը միլիարդատեր Սարիկ Թարան էր: Նա 2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Նախկին կառավարության (ներկայիս ընդդիմության) դերը
Նամախվանիի ՀԷԿ-ի կառուցման մասին շատ էր խոսում Վրաստանի երրորդ նախագահը: Ըստ նրա՝ սա Վրաստանի պատմության լավագույն նախագծերից է: 2009 թվականին, Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ բանակցություններ է վարում կորեական ընկերության հետ՝ ՀԷԿ-ը կառուցելու համար: Հետո ներդրողները հրաժարվեցին և արդեն եկավ այս ընկերությունը: Ներկայիս ընդդիմությունը՝ հիմնականում Սաակաշվիլիի թիմակիցները, մեղադրում են իշխանությանը «բնությանը վնաս պատճառելու մեջ» և որ չպետք է թույլ տալ նախագծի իրականացմանը: Հատկանշական է, որ այլ ուղղությամբ շեշտադրումներ չեն արվում:
ՀԿ-ների դիրքորոշումը
ՀԿ ոլորտի տվյալների համաձայն՝ Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը կարող է աղետ դառնալ. ՀԷԿ-ն ամբողջությամբ կողողի դաշտավայրն ու սպառնալիքի տակ կդնի 18 գյուղերի գոյություն։ Այդ պատճառով էլ տեղի բնակիչները նախագիծն անվանում են «մահվան ամբարտակ»։
ՀԷԿ-ի կառուցման նախապատրաստական աշխատանքների մեկնարկից ի վեր բազմաթիվ ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ միացել են «ոչ Նամախվանիի ՀԷԿ-ին» շարժմանը: Որոշ սադրիչ օղակներ կեղծ տեղեկություններ էին տարածել, որ «ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են, որովհետև թուրքական ընկերություն է կառուցում», թեև «Ռիոնիի պաշտպաններն» ու քաղհասարակությունը կոչ են արել «զերծ մնալ այլատյացության դրսևորումից և իրենց արդար ցույցը չսադրել»:
ՀԷԿ-ը Վրաստանի՝ մեծությամբ երկրորդ, Քութայիսի քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է լինելու։ Ըստ հետազոտության՝ ՀԷԿ-ի ջրամբարի վնասվելու դեպքում 34-մետրանոց ալիքը քաղաք կհասնի 19 րոպեում։ Նախագիծն ուղեկցվում է լուրջ սեյսմիկ ռիսկերով։ Ըստ «Կանաչ այլընտրանք» կազմակերպության փորձագետների՝ Նամախվանին անգամ հինգ բալ երկրաշարժի չի դիմանա։ Հարկ է նշել, որ չնայած բնապահպանների զգուշացումների, 2020-ի մարտին Վրաստանի բնապահպանության նախարարությունը ՀԷԿ-ի կառուցման համար ընկերությանը դրական եզրակացություն էր տվել:
Իրավիճակն այս պահին
Ապրիլի 11-ին Նամախվանիում՝ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների դեմ «Ռիոնի կիրճի պաշտպանների» ցույցերը վերսկսվեցին, քանի որ ապրիլի 11-ին այստեղ է ժամանել ոստիկանական մոտ 200 անձից բաղկացած ջոկատ և հավաքել են նրանց վրանները: Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանությունը փակել է դեպի Նամախվանի ճանապարհը, իսկ «Ռիոնի կիրճի պաշտպանները» մոբիլիզացվել էին կիրճի մոտակայքում: Ապրիլի 12-ի առավոտյան արդեն այն տարածքը, որտեղ վրաններ էին դրված, ոստիկանությունը վարել է, ավերակներ սարքել: Նշվածի հետ կապված ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կիրառվել է ոչ համապատասխան ուժ:
Ապրիլի 14-ի առավոտյան ոստիկանությունը ՀԷԿ-ի կառուցման վայրից 17 կմ հեռավորությամբ փակեց ճանապարհը՝ արհեստական, երկաթյա դարպասներ դնելով:
Հետևեք հետագա զարգացումներին մեր հաջորդ հրապարակումներում:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։