«Ռիոնիի կիրճի պաշտպանները» Թբիլիսիում մի քանի օր անդադար բողոքի ցույցեր ու երթեր անելուց հետո, վերադարձել են Գումաթի գյուղ, որտեղ փակել են ճանապարհը Նամախվանի ՀԷԿ-ը կառուցող թուրքական «Էնկա» ընկերության համար, քանի որ հենց այդ ճանապարհով է ընկերությունը տեղափոխում տեխնիկան ՀԷԿ-ի կառուցման վայր:
«Ռիոնիի կիրճի պաշտպանները» տեղում ոստիկաններից պահանջում են հանել երկաթե պատնեշը:
«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը: Նաև, պահանջում են Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Թուրնավայի հրաժարականը, ինչպես նաև նախագծում ուղղակիորեն մասնակցող բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելը:
Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվեցին ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լինի անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։ Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 800 մլն դոլար և այն պետք է իրականացնի Թուրքական «Enka Riniebels Ltd» ընկերությունը: