Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին ապատեղեկատվություն է որակում տարածված տեղեկությունը, թե Ռիկոթիի լեռնանցքով երթևեկությունը վտանգավոր է։
Ըստ նրա՝ ճանապարհի այս հատվածի սահմանափակումները սահմանվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ Նրա խոսքով, մինչև 2024 թվականը Ռիկոթիի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի, և ավարտից հետո Ռիկոթին անվտանգ կլինի քաղաքացիների համար:
«Վերջերս շատ սովորական է դարձել ինչ-որ ապատեղեկատվություն տարածել Ռիկոթիի լեռնանցքի մասին, թե իբր Ռիկոթին շատ վտանգավոր է: Բացառվում են կոռուպցիոն գործարքների և, իբր, այդ ընկերությունների համար մրցութային պայմանները հարմարեցնելու մասին խոսակցությունները»,- ասել է Ծերեթելին:
Ի դեպ, վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռիկոթիի լեռնանցքում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել՝ առավոտյան ժամը 06:00-ից մինչև երեկոյան 21:00-ը, երթևեկում են միայն թեթև մեքենաները, իսկ 23:00-ից մինչև առավոտյան 05:00-ը՝ բեռնատարների։