Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները ավտոճանապարհների դեպարտամենտի սահմանած ռեժիմի համաձայն՝ Ռիկոթիի լեռնանցքով բացել են ճանապարհային երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտի համար:
«Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչների կատարած աշխատանքների արդյունքում նոր ռեժիմ է սահմանվել՝ ժամը 07:00-19:00-ն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 114-194-րդ կմ-ում երթևեկությունը թույլատրելի է միայն թեթև և մարդատար ավտոմեքենաների համար, իսկ 21:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00-ը նույն հատվածով կշարժվեն միայն բեռնատարները։
Երեկ՝ ժամը 18:00-ից, Ռիկոթիի լեռնանցքով թույլատրվել է կցորդով և կիսակցորդով բեռնատարների երթեւեկությունը։
Պարեկային խմբերն աշխատել են ողջ գիշեր՝ երթևեկությունը սահուն և անվտանգ ապահովելու համար»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ՆԳն-ի՝ պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մոբիլիզացված են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական մայրուղու տարբեր հատվածներում և կարգավորում են ճանապարհային երթևեկությունը՝ տրանսպորտի և ուղևորների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: