«Վրաստանի երիտասարդ ստոմատոլոգների լիգա»-ն շուտով՝ հուլիսի 1-ին կանցկացնի իր առաջին լայնածավալ համաժողովը։ Լիգայի ղեկավարներից մեկը հայազգի երիտասարդ Ռիչարդ Ասատուրովն է։
«Երիտասարդ ստոմատոլոգների լիգա»-ն արդեն մեկից ավելի ծրագիր է իրականացրել, իսկ հուլիսի 1-ին Շուագուլիում կայանալու է մեր լիգայի առաջին լայնածավալ համաժողովը «Հաջողակ ստոմատոլոգիա. ճանապարհ սխալներից և բարդություններից դեպի ցանկալի արդյունք» թեմայով», պատմում է Ասատուրովը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։
Ռիչարդ Ասատուրովը 22 տարեկան է: Ծնվել և ապրում է Թբիլիսիում, Թբիլիսիի պետական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող է։ Լիգայում ծավալած գործունեությունից բացի, ինչպես ինքն է նշում՝ Թբիլիսիի ամենահաջողակ ատամնաբուժական կլինիկաներից մեկում՝ «Դենս»-ում, օգնական է աշխատում։
«Մարդկանց մեծամասնությունը մանկուց որոշակի պատկերացում է կազմում ապագա մասնագիտության մասին, ես ևս այդ երջանիկներից մեկն եմ, ով ի սկզբանե դրական պատկերացում ուներ ստոմատոլոգիայի մասին։
Ես դեռ 9-րդ դասարանում էի, երբ համացանցում պատահաբար տեսա օրթոդոնտիկ բրեկետների բուժման տեսահոլովակը. ճիշտն ասած, ես դեռ չգիտեի, թե ինչն է ինձ գրավում` բուն գործընթացը դիտելու ընթացքը թե արդյունքը (բուժում), թեև ժամանակի ընթացքում ավելի պարզ դարձավ, թե ինչու այս ամենն այդ ժամանակ հետաքրքրեց ինձ»,- իր մասնագիտության ընտրության ազդակների մասին այսպես մանրամասնեց Ասատուրովը։
Ապագա ատամնաբույժը նշում է՝ ինձ համար ատամնաբուժությունն արվեստի և գիտության սինթեզ է, որն անմիջական կապ ունի մարդու ֆիզիկական և մտավոր բարեկեցության հետ։
Այն հարցին, թե որտեղ է տեսնում իր ապագա ատամնաբուժական գորիծունեությունը, Ռիչարդը պատասխանեց․
«Այդ հարցին շատ դժվար է պատասխանել, սակայն պարզ է, որ մասնագիտական գործունեությունը չի կարող մշտապես իրականացվել մեկ երկրի շրջանակներում, քանի որ, առօրյա գործերից բացի, կան լրացուցիչ գործողություններ, որոնք պահանջում են ժամանակավորապես հեռանալ երկրից (օրինակ՝ կոնֆերանսներ, վարպետության դասեր, սեմինարներ և այլն), սակայն դեռևս իմ պլանները կապված են Վրաստանի հետ։
Ինչպես բոլոր ուսանողները, իմ հիմնական նպատակներից է ստանալ առավելագույն գիտելիքներ և հաջողությամբ ավարտել համալսարանը. նախ՝ բակալավրիատը, ապա ասպիրանտուրան և օրդինատուրան»։
Ուսանողն իր հաջողության գրավականն է համարում երկու կարևոր գործոն՝ աշխատասիրություն ու համբերություն․ «Ուստի խորհուրդ կտամ էլ ավելի զարգացնել այս երկու հատկությունը, քանի որ շատերը կասկածի տակ են դնում իրենց ունակությունները մշակութային շոկի և նոր միջավայրի ազդեցության տակ։ Խորհուրդ եմ տալիս հնարավորինս ներգրավված լինել տարբեր ոլորտներում և չծուլանալ որևէ ուղղությունից նոր տեղեկատվություն ստանալու (տեսական և գործնական ձևով) առումով և, իհարկե, անընդհատ ընդլայնել իմացության դաշտը, առանց որի մեր ոլորտում աշխատանքը գործնականում անհնար է»։