
«Վրացական երազանք»-ի կառավարությունում ևս մեկ փոփոխություն կա. ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն հրաժարական է տալիս, նրան կփոխարինի Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական անդամ Ռևազ (Ռեզի) Սոխաձեն։ Այս տեղեկությունը հայտնել է «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն ապրիլի 24-ին՝ ժամը 17:00-ին, Քարսելաձեի և Սոխաձեի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Սոխաձեն նախկինում եղել է Սամգորիի մեծամասնական պատգամավոր, միաժամանակ՝ քաղաքային խորհրդի քաղաքաշինության և քաղաքային տնտեսության հանձնաժողովի նախագահը։
Կոբախիձեի խոսքով, պաշտոնը լքելու որոշումը կայացրել է անձամբ Քարսելաձեն. «Նա երեկ ինձ դիմել է համապատասխան խնդրանքով»:
Քարսելաձեն տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ 2025 թվականի ապրիլին այս նախարարությունը բաժանվեց երկու մասի (առանձին՝ տարածաշրջանային զարգացման նախարարություն և առանձին՝ ենթակառուցվածքների նախարարություն), և Քարսելաձեն շարունակեց աշխատել որպես ենթակառուցվածքների նախարար։
Սկզբում Կոբախիձեն ապրիլի 2-ին տարածաշրջանային զարգացման նախարարի թեկնածու էր առաջադրել Գրիգոլ Լիլուաշվիլիին, որ նախկինում զբաղեցնում էր պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի պաշտոնը, աակայն ապրիլի 4-ին պարզ դարձավ, որ տարաձայնությունների պատճառով Լիլուաշվիլին այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը։
Փոփոխություններ «Վրացական երազանք»-ի կառավարությունում
- Գրիգոլ Լիլուաշվիլին ժամկետից շուտ հրաժարական տվեց ՊԱԾ ղեկավարի պաշտոնից,
- Նրա համար «Վրացական երազանք»-ը երկու մասի է բաժանել տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը և նրան առաջադրել տարածաշրջանային նախարարի պաշտոնում,
- Լիլուաշվիլիին այդ պաշտոնում փոխարինել է արդարադատության նախկին նախարար Անրի Օխանաշվիլին,
- Առաջադրումից երկու օր անց Լիլուաշվիլին և «Վրացական երազանք»-ը չկարողացան համաձայնության գալ, ինչպես ասել է Կոբախիձեն, «տեղակալների հարցում», որոշվեց, որ Լիլուաշվիլին այլևս նշված նախարարը չի լինելու,
- Տարածաշրջանային նախարարությունը գլխավորում է Թբիլիսիի փոխքաղաքապետ Կախա Գուլեդանին,
- Աջարիայի կառավարության ղեկավարը նույնպես փոխվել է. Թոռնիկե Ռիժվաձեին փոխարինել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն Սուլխան Թամազաշվիլին, որի նկատմամբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել։
Լիլուաշվիլին մինչ քաղաքականություն մտնելը եղել է շինարարության ոլորտում: 2014-2016 թվականներին եղել է Old City Development ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։ Մինչ այդ մեկ տարի զբաղեցրել է «Բուրջի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։
Հենց Old City Development ՍՊԸ-ն է աշխատել «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի Panorama Tbilisi նախագծի վրա: Սա օֆշորային գրանցված ընկերություն է, որի ղեկավարը՝ Լիլուաշվիլիի գլխավոր տնօրենի պաշտոնավարման ժամանակ, եղել է Իրակլի Քարսելաձեն