Ռևազ Նադարաիան նշանակվել է Սահմանադրական դատարանի դատավոր

Գերագույն դատարանի դատավոր Ռևազ Նադարաիան նշանակվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս տեղեկությունը տարածել է Գերագույն դատարանը։

Վրաստանի Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ կետի, «Ընդհանուր դատարանների մասին» Վրաստանի օրգանական օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի և «Վրաստանի սահմանադրական դատարանի մասին» Վրաստանի օրգանական օրենքի 73-րդ հոդվածի համաձայն՝ Ռևազ Նադարաիան նշանակվել է Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ։

«Մինչ Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելը՝ Ռևազ Նադարաիան զբաղեցնում էր Վրաստանի Գերագույն դատարանի քաղաքացիական գործերով պալատի դատավորի պաշտոնը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռևազ Նադարաիան Վրաստանի Գերագույն դատարանի ցմահ դատավոր է ընտրվել 2021 թվականի հուլիսին։