«Երբ վերքը մշակեցին, ինձ թվում էր, որ վիրավորված եմ եղել փոքր ռետինե գնդակով, պարզվեց ռետինե «հրթիռ» էր
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած տասնյակ լրագրողների շարքում է եղել նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության օպերատոր Գիվի Փեիքրիշվիլին: Նա ռետինե փամփուշտով հարված է ստացել մեջքի հատվածում:
Ալիք Մեդիայի հետ զրույցում Փեիքրիշվիլին, տեղի ունեցածի մասին պատմելով մանրամասնում է. «Ռուսթավելիի պողոտայից շարժվեցի դեպի խորհրդարանի շենքի աստիճանները՝ այնտեղ մարդիկ ավելի շատ էին, կադրն էլ լավ էր ստացվում»: Երբ հայտնվել են հատուկջոկատայինները, ցուցարարների հոսքի մեջ ընկնելով ոոշել է ավելի բարձր տեղ գտնել նկարահանման համար: 3 անգամ արցունքաբեր գազից ինքնազգացողությունը վատացել է, սրտխառնոց ունեցել, անցել է կողքի, դարձյալ վերադարձել ցուցարարների մոտ.
«Երբ վերադարձա, արդեն սկսեցին գրոհել խորհրդարանի շենքը, ես նկարահանում էի, երբ սկսեցին կրակել ռետինե փամփուշտներով: Ետևում աղջիկներից մեկը վայր ընկավ, ես շրջվեցի տեղի ունեցածը նկարելու համար, այդ պահին ոտքիս թեթև հարված ստացա ռետինե փամփուշտով, բայց չվիրավորվեցի: Իսկ երբ մեջքով շրջվեցի հատուկջոկատայիններ միացան նաև Ռուսթավելիի պողոտայից, որտեղ ջրցան մեքենան էր: Երիկամիս հատվածում ուժեղ ցավ զգացի, հետո հասկացա, որ արնահոսում եմ»:
Փեիքրիշվիլին պատմում է, որ իր ոտքով մոտեցել է շտապ օգնության մեքենային, որը տեղափոխում էր վիրավոր ոստիկաններին: Շտապ օգնության մեքենան հացրել է նրան վիրաբուժության ազգային կենտրոն: Այնտեղ վիրահատվել է:
«Մի «հրթիռ» հանեցին մեջքիցս կարմիր գույնի, բերել եմ հետս տուն որպես հուշանվեր»,-ասում է Փեիքրիշվիլին:
«Հ1»-ի օպերատորն ասում է, որ հիմա էլ շարունակում է արնահոսել, վիրաբույժն ասել է, որ վիրակապեր պետք է անել 2 շաբաթվա ընթացքում պարբերաբար, սակայն ինքը` Փեիքրիշվիլին պնդում է, որ տանը նստել չի կարող. «պետք է գնամ աշխատեմ նաև այսօր»: