
Ոստիկանությունը ձերբակալել է Շալվա Իաշվիլիին։ Նա մեղադրվում է նախկին կնոջ՝ մոդել Ռենատա Բեգիաշվիլիի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դատախազությունն արդեն մեղադրանք է առաջադրել նրան։ Տեղեկությունը տարածել է դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` «քննությամբ պարզվել է, որ ապրիլի 22-ին Թբիլիսիում ամբաստանյալը փոխադարձ վիճաբանության ընթացքում ֆիզիկական բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, ինչի հետևանքով վերջինիս դեմքը վնասվել է»։
Շալվա Իաշվիլիիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով (ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մյուս անդամի նկատմամբ բռնության գործադրում)։
Նշենք, որ այս միջադեպի մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել Ռենատա Բեգիաշվիլին և իր նախկին ամուսնուն՝ Շալվա Իաշվիլիին մեղադրել բռնություն գործադրելու համար, նաև հավելել էր, որ չի ցանկանում դիմել ոստիկանություն։