Ռեեստրը մերժել է «Ալտ-Ինֆո»-ի նոր կուսակցության գրանցումը

Ռուսամետ ու հոմոֆոբ տրամադրություններով հայտնի «Ալտ-Ինֆո» կուսակցությունն իր ստեղծման գործընթացում խնդիրներ ունի. Վրաստանի հանրային ռեեստրը մերժել է իրեն ներկայացված փաստաթղթերը։ Գործակալությունն արդեմ երկրորդ անգամ «Ալտ-Ինֆո»-ից փոփոխված փաստաթղթեր է պահանջում։

Որոշման մեջ նշված է, որ «Պահպանողականները Վրաստանի համար» կուսակցության ներկայացրած կնիքի ուրվագիծը չի համընկնում կանոնադրության մեջ նշված նկարագրությանը:

Նաև` կուսակցության հիմնադիրների տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, նույնականացման քարտի համար, աշխատանքի վայր, բնակության հասցե և հեռախոսահամարներ) սահմանված կարգով չեն ներկայացվել։

Կուսակցության գրանցման դիմումը ռեեստրի կայքում հայտնվել է փետրվարի 27-ին: Առաջին թերությունը ռեեստրի աշխատակիցը հայտնաբերել է մարտի 27-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 8-ին: «Պահպանողականները Վրաստանի համար» կուսակցությունը 10-օրյա ժամկետ ունի տվյալների թարմացման համար:

«Ալտ-Ինֆո» խումբը Թբիլիսիում մի շարք բողոքի ցույցեր է անցկացրել, որոնք հետագայում ուղեկցվել են բռնություններով։ Դրանց թվում՝ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ պետք է անցկացվեր Tbilisi Pride-ի կազմակերպած «Արժանապատվության երթը», «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներն ու հոգևորականները կոչ արեցին քաղաքացիներին դուրս գալ փողոց։ Այդ օրը վիրավորվել է ավելի քան 50 լրագրող։ Բռնության կազմակերպիչներից ոչ մեկն առայսօր չի պատժվել։

«Ալտ-Ինֆո»-ն նախորդ տարիներին ունեցել է կուսակցություն («Պահպանողական շարժում»), սակայն հանրային ռեեստրը չեղարկել է դրա գրանցումը 2024 թվականի ապրիլի 8-ին։ Որոշման հիմքում ընկած է Հակակոռուպցիոն բյուրոյի դիմումը՝ կուսակցության փաստաթղթերն ուսումնասիրելու առաջարկով։