Ռուսական Red Wings-ն առաջին թռիչքն է իրականացրել Մոսկվա-Քութայիսի ուղղությամբ։ Ավիաընկերությունը մայիսին Վրաստան թռչելու թույլտվություն է ստացել, սակայն թռիչքները մի քանի անգամ հետաձգվել են։
Հուլիսի 10-ի երեկոյան Քութայիսիի օդանավակայանում ստեղծված խնդիրների պատճառով չվերթը չի իրականացվել։ Օդանավակայանը չի կարողացել ինքնաթիռ ընդունել վատ եղանակի պատճառով։
Ռուսական ավիաընկերության ինքնաթիռն այսօր առավոտյան օդ է բարձրացել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Այսօր՝ հուլիսի 11-ին, Red Wings-ը պետք է թռիչք կատարի Սոչի-Թբիլիսի-Սոչի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր ստորագրեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։
Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունեցին այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։
Որոշ փորձագետների կարծիքով` Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։