
Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար, Ռուսաստանի նախագահին կից ազգային կապերի խորհրդի անդամ Դավիթ Ցեցխլաձեն ասել է, որ իր գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի։
«Մեր այցը Վրաստան նախապատրաստվում է, մենք կշարունակենք ընդլայնել մեր պատմական հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղիները՝ ի շահ մեր ապագա սերունդների: Այդպես եղել է միշտ և այդպես կշարունակվի ապագայում»,- ասել է նա:
Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրա-քաղաքական հարաբերությունների զարգացման ջատագով Ցեցխլաձեն ասել է, թե Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ «լքում են Միացյալ Նահանգներն ու ԵՄ երկրները և ընտրում Ռուսաստանը որպես աշխատանքի և մշտական բնակության վայր»:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիների ՌԴ մեկնելու վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն առկա չէ: