Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության լույսի ներքո Վրաստանը պետք է էլ ավելի զգոն և զգույշ լինի, որպեսզի վտանգի մեջ չհայտնվի։ Այս մասին Կոբախիձեն լրագրողներին ասել է սեպտեմբերի 21-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում։
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք Վրաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել, Կոբախիձեն պատասխանել է, որ դա չի դիտարկվում․ կառավարությունը գործում է հաշվի առնելով երկրի ազգային անվտանգության շահերը, իսկ պետական մարմինները ամբողջովին վերահսկում են իրավիճակը:
«Երկու անգամ բացարձակ արհեստականորեն քարոզարշավ է եղել, որ ռուս զբոսաշրջիկները լուրջ վտանգ են ներկայացնելու, երկու դեպքում էլ պարզվել է, որ այդ քարոզարշավը բացարձակապես անհիմն է, կեղծ, արհեստական և քաղաքական նպատակներ ունի։
Այս դեպքում էլ, իհարկե, իրավիճակը լիովին վերահսկելի է։ Բոլոր գերատեսչությունները պատասխանատու են դրա համար և կշարունակեն գործել այս պատասխանատվությամբ:
Պատերազմի սկսվելուց անցել է ավելի քան կես տարի, և դուք կարող եք տեսնել, որ այս ընթացքում մեր պետական գերատեսչությունները մինչև վերջ ապահովում են պետական անվտանգությունը, և իհարկե, այդպես էլ կշարունակվի»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել սեպտեմբերի 21-ին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից վեց ամիս անց։