Ռուս աստվածաբան և փիլիսոփա, ՌԴ «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցված Անդրեյ Կուրաևին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, հայտնել է Formula հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կուրաևը Վրաստան է ժամանել Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան համալսարանի հրավերով, սակայն սահմանին նրան ծանուցել են երեք տարով Վրաստան մուտքի արգելքի մասին։ Թբիլիսիում «Ռուս ուղղափառ եկեղեցու գաղտնի պատմությունը» թեմայով Կուրաևի դասախոսությունը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 5-ին։
Կուրաևը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ամենաշատ մեջբերվող ռուս աստվածաբաններից մեկն է։ Հաճախ նրա կարծիքը տարբերվում է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումից:
2023 թվականին պատրիարք Կիրիլը պաշտոնանկ արեց եկեղեցական Անդրեյ Կուրաևին։ Նույն թվականին Ռուսաստանում Կուրաևը տուգանվեց բանակը վարկաբեկելու հոդվածով, որի պատճառը LiveJournal-ում նրա գրառումն էր։
Դրանից հետո Կուրաևը հայտարարեց Ռուսաստանից հեռանալու և Պրահա տեղափոխվելու մասին։ ՌԴ արդարադատության նախարարությունը նրա անունը ավելացրել է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում։