Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել և հայտարարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողություն է սկսել՝ «ապահովելու Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիների անվտանգությունը»։
«Այս կապակցությամբ Վլադիմիր Պուտինը նշել է, թե կան երկրներ, որոնք կարող են ներգրավված լինել այս գործընթացում, այսինքն դրսի ուժեր են։ Մենք պետք է հասկանանք, որ Վրաստանը նույնպես պատկանում է դրսի ուժերին»,- ասել է Բիբիլովը։
Բիբիլովի խոսքով, ստեղծված իրավիճակից ելնելով, ինչպես նաև «Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշինքի և ինտեգրման մասին համաձայնագիրը» իրականացնելու, «Հարավային Օսիայի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար», կստեղծվի օպերատիվ շտաբ, որը կղեկավարի ինքը՝ Բիբիլովը:
Ըստ Բիբիլովի՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների բոլոր ստորաբաժանումներն ու անձնակազմը պատրաստ սպասում են «ղեկավարության» հրամաններին։
Բիբիլովը Պետանվտանգության կոմիտեին հանձնարարել է մոբիլիզացնել հակահետախուզական գործունեությունը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության հետ համատեղ իրականացնել «սահմանի և Վրաստանին հարող տարածքի մոնիտորինգի անհրաժեշտ գործողություններ» և պատրաստ լինել «պատասխանելու Վրաստանի կողմից հնարավոր բոլոր սադրանքներին»:
—————————————————————————————————————
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։