Ռուսաստանն ամեն կերպ փորձում է լարվածություն մտցնել Վրաստանի և Արևմուտքի միջև և շեղել Վրաստանին եվրաինտեգրման ուղուց դեպի Ռուսաստան, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, ամփոփելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխեիլ Գալուզինի հայտարարությունները, ասաց Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Ըստ Զաքարեիշվիլիի՝ Վրաստանի ժողովուրդն ընտրել է արևմտյան կուրսը և անշեղորեն շարժվում է այդ ուղղությամբ, իսկ իշխանությունների հռետորաբանությունն այլ է` պրոռուսական է:
«Վրաստանի ժողովուրդը երբեք չի դառնա ռուսամետ, և Ռուսաստանը երբեք ժողովրդականություն չի վայելի Վրաստանում. այս ամենի վառ ապացույցը մարտի 7-8-9-յան իրադարձություններն էին: Քանի որ Վրաստանի ժողովուրդը ռուսամետ չէ իշխանության պես, այդ իսկ պատճառով Ռուսաստանը փորձում է նաև այնպես անել, որ ժողովուրդն էլ չլինի եվրոպամետ»,- ընդգծում է կոնֆլիկտաբանը:
Նրա խոսքով, Գալուզինն իր հայտարարություններով փորձում վրաց ժողովրդի մի որոշ մասի մոտ առաջացնել և առաջ տանել այն նարատիվը, թե, իբր, Եվրոպան ու ԱՄՆ-ն ուզում են պատերազմ հրահրել Վրաստանում: Ըստ նրա՝ Ռուսաստանն «իր երազներում» պատկերացնում է, որ հաղթանակի կհասնի Ուկրաինայում, նրան կստիպի հրաժարվել ՆԱՏՕ-ից և նույն կերպ կվարվի նաև Վրաստանի հետ:
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխեիլ Գալուզինի խոսքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների ապագա կարգավորումն ընդհանուր առմամբ կհամապատասխանի ժողովրդի շահերին: Գալուզինը Վրաստանի մարտյան ցույցերի թիկունքում տեսնում է Վրաստանի կառավարության պրագմատիկ կուրսից դժգոհ Արևմուտքի ցանկությունը: Ըստ նրա՝ վերջինս ցանկանում է խարխլել իրավիճակը Վրաստանում, համոզել կառավարությանն ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային, խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փոխնախարարի խոսքով, Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունները զարգանում են, առաջին հերթին, առևտրատնտեսական ոլորտում՝ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը»։ Որպես դրա օրինակ՝ ռուս դիվանագետը բերել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, որը 2022 թվականին ավելացել է առնվազն կիսով չափ։
Նրա կարծիքով` երկու երկրների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հարավային Կովկասում անվտանգության հարցերը, որոնք քննարկվում են բազմակողմ ձևաչափով՝ «Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահության ներքո»։ Ըստ նրա՝ դա տեղի է ունենում Անդրկովկասի վերաբերյալ Ժնևի միջազգային բանակցությունների շրջանակներում։
Ի դեպ, հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ առևտուրը կվերականգնվի։
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթերը չեղարկել է 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չէր ընդունվել, ինչին հետևել էին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի ուղիղ թռիչքների հնարավոր վերականգնման մասին։
ՌԴ-Վրաստան օդահաղորդակցության վերականգնումը կվտանգի երկրի եվրատլանտյան ուղին. կարծիքներ