
«Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Վրաստանի նկատմամբ ագրեսիայի համար», — լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը:
Ամերիկացի դիվանագետը խոսել է ռուս-վրացական Օգոստոսյան պատերազմի մասին ու վերահաստատել Վրաստանի անկախության ու ինքնիշխանության սատարումը:
«Մենք մտածում ենք մարդկանց մասին, ովքեր զոհաբերել են իրենց՝ հայրենիքը պաշտպանելու համար, ինչպես նաև պատերազմում զոհված խաղաղ բնակիչների մասին: Մենք առիթից օգտվելով ևս մեկ անգամ հաստատում ենք, որ սատարում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին՝ պահպանել 2008-ի՝ կրակի դադարեցման մասին համաձայնությունը, թույլատրել հումանիտար օգնությունը՝ Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Վրաստանի տարածքներ: Մենք դատապարտում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների ամենօրյա խախտումները, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների առևանգումը: Մենք սատարում ենք բռնի տեղահանվածների՝ իրենց հարազատ տները վերադառնալը», — ասել է Է. Ռուդը: