Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը ծառայում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին վնասելուն։
Ըստ Սամխարաձեի՝ վիզային ռեժիմի չեղարկումը Ռուսաստանի որոշումն է, և Վրաստանի կառավարությունը դրան չի միջամտել։ Սամխարաձեն կոչ է անում հասարակությանը և եվրոպացի գործընկերներին հետևել այն ժամանակին և պահին, երբ Ռուսաստանի իշխանությունները որոշեցին չեղարկել վիզաները Վրաստանի քաղաքացիների համար։
«Պարզ է, որ այս քայլով Ռուսաստանը փորձում է վնասել Վրաստանի եվրաինտեգրման ուղին, քանի որ ցանկանում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե, իբր, Վրաստանը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ուստի և՛ մեր հասարակությունը, և՛ եվրոպացի գործընկերները պետք է հասկանան, թե ինչու է այս քայլն արվել հիմա»,- ասել է Սամխարաձեն։
Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին կարծում է, որ Ռուսաստանի որոշումը կապված է Վրաստանի եվրոպական ապագայի համար պատնեշ ստեղծելու հետ։ Նրա խոսքով, անհնար է պատկերացնել, որ Վրաստանի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի Պուտինի որոշումների համար։
Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում այլ կերպ ընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարության գործողությունները։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։