Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը ապատեղեկատվություն է որակել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հաղորդումը, թե Վրաստանի օդային տարածքը Մոսկվան օգտագործել է ռազմական փոխադրումների համար։
«Վրացական օդային տարածքը չի հատել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը։ Վրաստանի երկինքն օգտագործել է Ռուսաստանին պատկանող Իլ-76 ինքնաթիռը՝ RA76429 գրանցման համարով։ Այն սովորական քաղաքացիական չվերթ էր, որի համար Վրաստանից լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում։ Ավիաընկերությունը լրացնում է միայն թռիչքների էլեկտրոնային պլանը և այն ուղարկում Բրյուսել՝ EUROCONTROL-ի շտաբի օդային թռիչքների կառավարման կենտրոն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարության հավելմամբ՝ 2008 թվականից Վրաստանի օդային տարածքը փակ է ռուսական ռազմական ինքնաթիռների համար, իսկ արտակարգ իրավիճակների համար նախատեսված ինքնաթիռները ռազմական կարգավիճակ չունեն։
«Մթավարի արխին» երեկ պատրաստած ռեպորտաժում ասել է՝ «Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը մի քանի ժամ առաջ օդ է բարձրացել Մոսկվայից, ապա Վրաստանի տարածքով վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում»։
Սոցցանցերում և լրատվական դաշտում լուրը երեկվանից բուռն քննարկման առարկա է դարձել։
Ավելի վաղ, Վրաստանում Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը հայտարարել էր, որ Վրաստանի օդային տարածքը Մոսկվան չի օգտագործել ռազմական փոխադրումների նպատակով, սակայն, ըստ նրա, ցամաքային ճանապարհով Վրաստանի օկուպացված տարածքներից (Աբխազիայից և Ցխինվալիից) ու Հայաստանից զորք է տեղափոխում Ուկրաինա:
Վրացի վերլուծաբան Զուրա Բատիաշվիլին հրապարակել է Flightradar24-ի տվյալները՝ վերնագրելով՝ «Ինքնաթիռը, որն օգտագործել է Վրաստանի օդային տարածքը, պատկանում է ՌԴ ԱԻՆ-ին։ Հասկանալի է, որ Հայաստանից կենդանի ուժ է տեղափոխվում Ուկրաինա»։
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Բատիաշվիլին պարզաբանել է. «Պարզ է, որ տանում են զինվորականներ, դա փաստում է այն մասին, որ Ռուսաստանը դժվարանում է ռազմական գործողություններ իրականացնել, չկարողացան վերցնել ոչ մի մեծ քաղաք, հիմա ուզում են պակասը լրացնել կենդանի ուժով»:
Բատիաշվիլիի պնդմամբ ՌԴ-ն մարդկային ուժի պակասը լրացնելու համար տարբեր վայրերից զինվորականներ է տեղափոխում Ուկրաինա, այդ թվում հեռավոր Արևելքից, Հյուսիսային Կովկասից ու Սիրիայից։ Զուրա Բատիաշվիլին ընդգծում է, որ տանում են ռուս զինվորականներ նաև Հայաստանից և Վրաստանի օկուպացված տարածքներից․
«Բնական է, որ ռուս զինվորականներ են տանում Հայաստանից՝ Գյումրիից, և Վրաստանի օկուպացված տարածքներից՝ Աբխազիայից և Ցխինվալիից: Սակայն սա նրանց համար իրավիճակից ելք չէ, ռազմի դաշտը մսաղաց է, ու վաղ թե ուշ բոլոր գնացողները զոհվում են»։
Ավելի քան երեք շաբաթ է՝ շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, մայրաքաղաք Կիևը և մի շարք խոշոր քաղաքներ ռմբակոծությունների և հրետակոծությունների տակ են: Հստակ զոհերի թիվ հայտնի չէ: