«Վրաստանում իրականում լավ պայմաններ կան տուրիզմի զարգացման համար: Գուդաուրին զարգացած հանգստավայր է, ծրագրում ենք գործունեություն ծավալել այստեղ ոչ միայն ձմռանը, այլեւ ողջ տարվա ընթացքում»,- այս մասին հայտարարել է «Carlson Rezidor Hotel Group»-ի փոխնախագահ Դեյվիդ Ջենկինսը, Գուդաուրիի 5-հարկանի Radisson Blu Gudauri հյուրանոցի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո: Radisson Blu Gudauri-ն 150 համարից բաղկացած, բարձրակարգ հյուրանոցի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած կլինի: Ռեստորաններ, ակումբներ, հանդիպումների համար հատկացված դահլիճներ, SPA, ծածկով եւ բացօթյա լողավազան, ժամանցի վայր եւ այլն: Հյուրանոցի վրա աշխատում է գերմանացի եւ վրաստանցի ճարտարապետների խումբ:
Նախնական ծրագրով, Radisson Blu Gudauri-ն պետք է տեղակայվեր արդեն իսկ գոյություն ունեցող 100 սենյակ ունեցող շենքում, սակայն Գուդաուրիի պոտենցյալը գնահատելուց հետո` Carlson Rezidor Hotel Group-ը որոշել է նոր շենք կառուցել: Կազմակերպության տեղեկատվությամբ՝ սա կլինի այս որակի առաջին միջազգային 5-աստղանի հյուրանոցը` տարածաշրջանի լեռնային հանգստավայրերում:
«Սա նշանակում է,որ հանգստավայրը ճիշտ ուղղությամբ է զարգանում եւ մի քանի տարվա ընթացքում կստանանք եվրոպական չափանիշներին համապատասխանող ձմեռային հանգստավայր Գուդաուրիում»,- հայտարարել է Տնտեսական զարգացման նախարարության լեռնային հանգստավաձրերի զարգացման կազմակերպության ղեկավար Ալեքսանդրե Ինոփրիշվիլին:
Նախարարության տեղեկատվությամբ՝ Գուդաուրիի զարգացման մասշտաբային գլխավոր ծրագրի նախագծմամբ աշխարհահռչակ կանադական «Էկոզայն» կազմակերպությունն է զբաղվում: Վրաստանից բացի կազմակերպությունը նախագծել է նաեւ Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի մի շարք հանգստավայրեր: