Վրաստանում, չնայած երկրում ներքաղաքական գերլարված իրավիճակին, քննարկման են արժանացել հայաստանյան այսօրվա իրադարձությունները: Վրաստանում դրանք դիտարկվում են որպես ռուսական մանիպուլյացիաներ, իսկ տեղի ունեցածը` Պուտինի կողմից պատիժ Փաշինյանին` «Իսկանդերի» մասին հայտարության, ինչպես նաև իրեն «չենթարկվելու» համար:
Վրաստանի քաղաքական, ռազմական հարցերով փորձագետ Վախտանգ Մաիսաիան երևանյան իրադարձությունները համեմատում է 1973թ. Չիլիի սեպտեմբերի 11-ի ռազմական հեղաշրջման սցենարի հետ, երբ Սալվադոր Ալիենդեի կողքին էր բնակչության բավականին սոլիդ հատվածը, ներքին գործերի նախարարությունն ու կարաբիները, իսկ ըմբոստացածների կողմում ողջ բանակն էր, գեներալները, քաղաքական ողջ ընդդիմությունը և բնակչության բավականին մեծ մասը: Հուսանք, որ երկու կողմերն էլ բավական բանականություն կունենան Սանտիագոյի սցենարը չկրկնելու համար»:
Ըստ Մաիսաիայի, ռազմական հեղաշրջման տրամաբանության համաձայն, ուժայինները կմոբիլիզացվեն գիշերը: Ալիքի հետ զրույցում Մաիսաիան ընդգծում է՝ տարածաշրջանը փաստացի իրենց ձեռքն են գցել Ռուսաստանն ու Թուրքիան, սրա հետևանքով Վրաստանում էլ բարդ իրավիճակ է:
«Հույս ունեմ` մեր ռազմավարական գործընկեր ու բարեկամ Հայաստանը դուրս կգա այս ծանրագույն վիճակից: Հայաստանի իրավիճակը մատնանշում է, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական վիճակ է նաև տարածաշրջանում: Համաձայն եմ Փաշինյանի արտահայտության հետ, որ Հայաստանը ներսում չունի թշնամի: Վրաստանն էլ է այսօր պատերազմական վիճակում, Վրաստանի թշնամին Ռուսաստանն է, ու պարզ է, թե տարածաշրջանում ում է ձեռնտու լարվածության արմատավորումը»,- ասում է փորձագետը:
Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև քաղաքագետ Զուրա Բաթիաշվիլին, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:
«Իհարկե, ներքին առճակատման այս սցենարը գրված է Ռուսաստանում: Նրանք նույնն արեցին 90-ականներին, մենք դա սեփական փորձից գիտենք, և այս սցենարում փոխվում են միայն երկրների և «դերակատարների» անունները: Եթե Փաշինյանին գահընկեց անեն, Հայաստանում իշխանության կգան բացահայտ ռուսամետ ուժերը: Սա կտրուկ կփոխի անվտանգության միջավայրն ամբողջ Կովկասում` ներառյալ, առաջին հերթին, Վրաստանը, որտեղ ռուսական ճնշումը կուժեղանա»,- գրել է Բաթիաշվիլին:
Քաղաքական գործիչներից հարցին անդրադարձել է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Նրա կարծիքով, Խորհրդային օկուպացիայից 100 տարի անց Ռուսաստանն ու Թուրքիան իրար մեջ են փորձում կիսել հարավային Կովկասը:
«Ամեն ինչ այնքան է բարդացել, որ հնարավոր է մենք Ամերիկայի բազա բացելու կարիք ունենանք այստեղ: Արդյո՞ք Իվանիշվիլին մեզ մոտ ամերիկյան բազա կբացի»,- ասել է Նաթելաշվիլին «TV Pirveli» հեռուստաընկերության եթերում:
Ինչ վերաբերում է սոցցանցերում Վրաստանի բնակչության արձագանքին, դատելով մեկնաբանություններից, շատ դեպքերում օգտատերերը գրում են. «Հայաստանն այդպես էլ պետականություն չունի, վաղուց Էրևանսկայա գուբերնիա են», «Ալիևն է մեղավոր, չպետք է համաձայներ Պուտինի հետ գործ բռնել, հիմա երկու պետությունն էլ Ռուսաստանին են պատկանում», «Երանի մեր իշխանությունն էլ համաձայներ արտահերթ ընտրություններ անցկացնել, պետք է տեղերով փոխվել»:
Հատկանշական է, որ տրամադրվածությունները կոնկրետ Փաշինյանի նկատմամբ` վրացական սոցցանցերում դրական են:
2,191