Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանքի» ծրագրած «Հանրային ընդհանուր հավաքին»` վերջինս բնորոշելով որպես «պուտինիստական ցույց», որին մասնակցում են պետական աշխատողները։
«Երեկ «ռուսական օրենքի» և Վրաստանի եվրոպական ապագայի դեմ զանգվածային ինքնաբուխ բողոքի 15-րդ օրն էր, այսօր «պուտինիստական» ակցիա է. քաղծառայողներն «ավտոբուսով» ժամանել են Թբիլիսի՝ ծափահարելու իշխող կուսակցության որոշումները։
Իրական Վրաստանը ազատ Վրաստանն է, Եվրոպական Վրաստանը»,- գրել է նախագահը X սոցիալական ցանցում։
Ի դեպ, Թբիլիսիի խորհրդարանի դիմաց, ժամը 20:00-ին պետք է սկսվի իշխող կուսակցության «Հանրային ընդհանուր ժողովը»։
Հավաքվածների առջև ելույթ է ունենալու «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Միջոցառմանը մասնակցող քաղծառայողների կադրերը տարածվում են լրատվամիջոցներով։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքին մասնակցելու համար պետաշխատողների է մոբիլիզացնում։