Նախորդ տարի հեռուստաէկրանից Պուտինին հայհոյած վրացի լրագրող Գիորգի Գաբունիայի գործը շարունակում է մնալ Վրաստանի քաղաքական ու հանրային քննարկումների կիզակետում:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ իր հեղինակային հաղորդման ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյելուց անմիջապես հետո լրագրող Գիորգի Գաբունիան ժամանակավորապես զրկվեց աշխատանքային լիազորություններից և մի քանի ամիս Վրաստանի սահմաններից դուրս էր գտնվում: Լրագրողը պատմում է, որ այդ ընթացքում Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը բացահայտորեն սպառնացել է իրեն: «Ցանկալի կլինի, որ Գաբունիան լավ թաքնվի»,-հայտարարել էր Կադիրովը: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ներքին փոփոխությունների արդյունքում իր պաշտոնից ազատված, հեռուստաընկերության արդեն նախկին տնօրեն Նիկա Գվարամիան հիմնադրեց «Մթավարի» հեռուստաընկերությունը: Գաբունիան հենց այստեղ շարունակեց իր գործունեությունը վերադարձից հետո:
Տեղի ունեցածից գրեթե մեկ տարի անց՝ այս տարվա հունիսի 12-ին, Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը հատուկ գործողության շրջանակներում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ինգուշ 40-ամյա Վասամբեգ Բոկովին: Նիկա Գվարամիայի խոսքով`
- ձերբակալվածը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է ոչնչացներ լրագրող Գիորգի Գաբունիային,
- սպանության ծրագիրը համակարգվում էր Ուկրաինայից,
- Վրաստանի համար այս տեղեկությունը հասանելի է դարձել կարանտինի ընթացքում:
Նիկա Գվարամիայի հայտարարությունից ժամեր անց հարցին անդրադարձել էր նաև Պետական անվտանգության ծառայությունը՝ հաստատելով, որ Բոկովն իսկապես սպանության նպատակով էր Վրաստանում, սակայն նրան ձերբակալել են կեղծ փաստաթղթերի պատճառով:
Երեկ՝ հունիսի 17-ին, հայտնի դարձավ, որ Վրաստանի ՊԱԾ֊ը Նիկա Գվարամիային հարցաքննության է կանչել: Վերջինս հրաժարվել է ՊԱԾ ներկայանալ՝ պատճառաբանելով, թե կհարցաքննվի միայն դատարանում: ՊԱԾ-ն իր հերթին դեմ է գործի հետ կապված հանգամանքների հանրայնացմանը:
Մեկնարկած հետաքննությանն արձագանքել է նաև Կադիրովը: Նա իր կողմից վրաց լրագրողի սպանություն ծրագրելը հիմարություն է որակել:
«Պարոնա՛յք, հավատացե՛ք, երբ ինչ-որ մեկն իմ հրամանով է գործում, նա հրամանն ավարտին է հասցնում: Եթե հանձնարարությունը պետք է անաղմուկ կատարվի, ապա այդ մասին ոչ-ոք չի իմանա, մանավանդ ձեր նման լճացած երկրում»,- գրել է Կադիրովն իր տելեգրամյան էջում:
Կադիրովի այս հայտարարության հետ կապված լրագրողները փորձել են ճշտել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքը։ Նախագահը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություններ անել:
Միաժամանակ, մի շարք քաղաքական գործիչներ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, անդրադարձել են լրագրողի հանդեպ վրեժխնդրության ծրագրին՝ նշելով, որ թույլ չեն տա իրենց երկրի լրագրողի հանդեպ որևէ գործողություն իրականացվի: Իր հայտարարության մեջ վարչապետը գովերգվել է ՊԱԾ-ի աշխատանքը, խոսել է քաղաքացիների ու լրագրողների անվտանգությունից: Նա, մասնավորապես, նշել է. «Երկրում լուրջ հանցագործություն ենք կանխել: Կարևոր է, որ իրավապահ մարմինները կարճ ժամկետում պարզեն ու հանրությանը ներկայացնեն, թե ինչ հանցագործության մասին է խոսքը»:
Նախորդ տարի, ի դեպ, երբ Պուտինին հայհոյելու հարցը հասել էր մինչև Ռուսական դումա, և քննարկվում էր ամբողջ Վրաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Վրաստանի իշխանությունը որևէ հայտարարությամբ հանդես չեկավ ու չդատապարտեց Ռուսաստանի արձագանքը, հակառակը, դատապարտեց լրագրողի հայտարարությունը:
Պատժամիջոցներ այդպես էլ չկիրառվեցին, քանի որ Պուտինը դումայում հնչեցրած իր ելույթում հայտարարեց, թե «հայհոյանքներից վեր է» ու կարծում է, որ պատժամիջոց կիրառելու կարիք չկա:
Սպանության փորձի մասին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում անվտանգության հարցերով փորձագետ Թեոնա Աքուբարդիան նշել է. «Եթե սպանությունը տեղի ունենար, այն Պուտինի կողմից հերթական լրագրողին հեռացնելու գործողությունների շարքին չէր դասվի. Սպանությունը ներքին ապակայունություն կառաջացներ՝ առանց այդ էլ լարված նախընտրական իրավիճակում»:
Հետաքննությունը շարունակվում է, իսկ որոշ հարցեր շարունակում են անպատասխան մնալ։ Օրինակ, ինչպե՞ս է Բոկովը մտել Վրաստանի տարածք, ինչպե՞ս է ՊԱԾ-ին հայտնի դարձել, որ վերջինս պատրաստվում է սպանություն իրականացնել, միթե՞ նրա թիրախն իսկապես Գաբունիան է եղել…