Պուտինի մերձավոր Վլադիմիր Յակունինը Վրաստանում է. «Ֆորմուլա»

Ռուսաստանի պետական ​​«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախկին ղեկավար և միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Վլադիմիր Յակունինը, որ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից է, հանգստանում է Վրաստանում, հայտնել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։

Հեռուստաալիքի թղթակիցը Յակունինի հետ զրուցել է Կախեթիի շրջանում, որտեղ նա այցելել է Բոդբեի վանք։ Երբ Յակունինին հարցրել են միլիարդատեր, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ իր ծանոթության մասին, Յակունինը պատասխանել է, որ չի ճանաչում նրան։ Նախկին պաշտոնյան հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ընկերական հարաբերություններ է պահպանում Վլադիմիր Պուտինի հետ։

«Ֆորմուլա»-ի տվյալներով, Յակունինը հանգրվանել է Սիղնաղիի հյուրանոցում, որը պատկանում է «Վրացական երազանք» կուսակցության համախոհ, գործարար Վանո Չխարտիշվիլիին։ Այնտեղ շաբաթ օրը նա նշել է որդու՝ Անդրեյ Յակունինի ծննդյան օրը։ Հեռուստաընկերության տվյալներով, միջոցառմանը հրավիրված է եղել մոտ 200 մարդ։

Ով է Վլադիմիր Յակունինը

Վլադիմիր Յակունինը «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵ) ընկերության նախկին նախագահն է և 1996 թվականին ստեղծված «Օզերո» կոոպերատիվի հիմնադիրներից մեկը։ Դրա հիմնադիրներն էին նաև Վլադիմիր Պուտինը, Յուրի Կովալչուկը և Նիկոլայ Շամալովը։ 2013 թվականին ֆրանսիական Le Monde թերթը Յակունինին անվանել է «Պուտինի ամենամոտ վստահելի անձ»։

2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Յակունինը ներառվեց ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։ Ավելի ուշ նրա դեմ նմանատիպ միջոցներ ձեռնարկեցին Ավստրալիան, Կանադան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան։ Չնայած պատժամիջոցներին` Յակունինը շարունակում է գլխավորել Սուրբ Անդրեաս Առաջին կոչված հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Մասնավորապես, նա կազմակերպում է Սուրբ կրակի ամենամյա տեղափոխումը Երուսաղեմից Մոսկվա։ Այս տարի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հրապարակավ շնորհակալություն հայտնեց Յակունինին այդ առաքելությունը կատարելու համար։

Յակունինն ինքը հերքում է Ղրիմի անեքսիային և Ուկրաինայի պատերազմին իր մասնակցությունը՝ պնդելով, որ պատժամիջոցները «ԱՄՆ վարչակազմի կողմից իր անձնական քաղաքացիական դիրքորոշմանը անբավարար արձագանքի արդյունք էին»։

Վլադիմիր Յակունինի որդին՝ 47-ամյա Անդրեյ Յակունինը, ունի Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։ 2022 թվականին նա հրապարակավ դատապարտել է Ուկրաինայում պատերազմը և ասել, որ երբեք չի քվեարկի Վլադիմիր Պուտինի օգտին։

Անդրեյ Յակունինը բրիտանական Venture Investments & Yield Management ներդրումային ընկերության հիմնադիրներից մեկն է, որը մասնագիտանում է Եվրոպայում և Ռուսաստանում հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարելու մեջ։

2022 թվականի աշնանը Անդրեյ Յակունինը ձերբակալվել է Նորվեգիայում՝ Շպիգմենթ կղզեխմբի ռազմական օբյեկտների մոտ անօդաչու թռչող սարքեր օգտագործելու համար։ Պատերազմի սկսվելուց հետո Նորվեգիան արգելել է Ռուսաստանի քաղաքացիներին անօդաչու թռչող սարքեր օգտագործել իր տարածքում։

Սկզբում Տրոմսյոյի շրջանային դատարանը արդարացրել է Յակունինին, սակայն Նորվեգիայի Գերագույն դատարանը գործը հետ է ուղարկել նոր լսման և հաստատել, որ արգելքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին՝ անկախ օգտագործվող ինքնաթիռի չափսերից։