Գերմանական Südwestrundfunk (SWR) տարածաշրջանային հանրային հեռարձակողի կողմից անցկացված լրագրողական հետաքննության համաձայն՝ հայտնի է դարձել, որ Գերմանիան հետ է կանչել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) զինծառայողին։
Ըստ տեղեկությունների՝ պատճառը 43-ամյա գերմանացի Սերգեյ Է.-ի հայացքներն են. նա աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին և նախագահ Վլադիմիր Պուտինին։
Վրացական լրտվամիջոցների փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել են Եվրամիության դիտորդական առաքելությունից՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների։
Գերմանական լրատվամիջոցների լրագրողական հետաքննության համաձայն՝ Սերգեյ Է.- ն սոցցանցերի տարբեր հարթակներում դիրքորոշում է հայտնել, որ Ռուսաստանը պատերազմում է ոչ թե Ուկրաինայի, այլ ԱՄՆ-ի հետ։
Լրագրողական հետաքննությունն անվանվել է «Պուտինի գերմանացի ֆանատը և դիտորդական առաքելությունը»: Լրագրողական հետաքննության համաձայն՝ Միջազգային խաղաղության գործողությունների կենտրոնը (ZIF) և Գերմանիայի ԱԳՆ-ն աշխատակցի վերաբերմունքի մասին իմացել են 2022 թվականի հոկտեմբերին՝ Վրաստան ուղարկելուց մի քանի շաբաթ անց, որից հետո որոշել են նրան հետ կանչել առաքելությունից։
Հաղորդվում է նաև, որ զինծառայողը «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան, ռուսամետ կուսակցության անդամ է, մինչ այդ նա եղել է ԵԱՀԿ դիտորդ Ուկրաինայի արևելքում։
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը Twitter-ում պատասխանել է լրագրողական հետաքննությանը և գրել. «Մենք պետք է զգույշ լինենք, թե Գերմանիայից ում են ուղարկում ԵՄ միջազգային առաքելությունների։ Անվտանգության չափանիշները պետք է շտապ ստուգվեն»։
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ստեղծվել է Եվրամիության կողմից 2008 թվականի սեպտեմբերի 15-ին։ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը տարածվում է Վրաստանի ողջ տարածքի վրա՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունները և Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունները դեռևս հրաժարվում են առաքելությանը թույլ տալ իրենց վերահսկվող տարածք: