ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատների» առաջնորդ Հակիմ Ջեֆրիսի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերստեղծել Խորհրդային Միությունը և դրանով իսկ վտանգել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։ Այս հայտարարությունը նա արել է ամերիկյան CBS News-ի հետ հարցազրույցում:
Ըստ Ջեֆրիսի՝ եթե Վլադիմիր Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, ապա կանգ չի առնելու։ Նա նաև հավելել է՝ Վլադիմիր Պուտինը ներխուժեց Վրաստան, բայց Վրաստանում կանգ չառավ, մտավ Ղրիմ, հետո պարզվեց, որ խոսքը միայն Ղրիմի մասին չէ, քանի որ նա ներխուժեց Ուկրաինայի ողջ տարածք։
«Հավատա՞նք, որ նման հետևողական ագրեսիայի դեպքում Վլադիմիր Պուտինը կանգ կառնի Ուկրաինայում։ Իհարկե՝ ոչ: Եկեք չհավատանք նրա խոսքերին, հավատանք նրա գործողություններին, և նրա գործողությունները հուշում են, որ նա ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը, ինչը վտանգ է ստեղծում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար և տրամաբանորեն կհանգեցնի մարտում (հավանաբար՝ նկատի ունի Ուկրաինայում ընթացող պատերազմում — հեղ.) ամերիկյան զորքերի ներգրավմանը»,- նշել է Ջեֆրիսը։