2022-ի առաջին օրերին Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերն ու դրանց հաջորդած իրադարձությունները Վրաստանում գնահատվում են որպես Ռուսաստանի կողմից Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ։
Ռուսաստանի գլխավորությամբ գործող ռազմական կառույցը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), ճնշելով Ղազախստանում հեղուկ գազի կտրուկ թանկացումից հետո սկսված ինքնաբուխ զանգվածային բողոքի ակցիաները, դրանք որակեց որպես ահաբեկչական գործողություններ։
Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ Զուրա Բատիաշվիլին Ղազախստանում տեղի ունեցածը համարում է «Խորհրդային Միություն 2» ծրագրի մաս։
«Խորհրդային Միությունը վերականգնելու Պուտինի գաղափարի իրականացումն անհնար է առանց Ղազախստանի: Ղազախստանը կենսական նշանակություն ունի այս նախագծի համար, որը մենք կարող ենք անվանել «Խորհրդային Միություն 2»։ Դրանում Կրեմլի ղեկավարը նպատակ ունի ներառել Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը և մեզ՝ ողջ Հարավային Կովկասը», -«Ալիք մեդիայի» հետ զրույցում ընդգծում է Բատիաշվիլին։
Վրաստանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլին համակարծիք է` Պուտինի նպատակը Խորհրդային Միության նման մոդելի ստեղծումն է։
«Նա [խմբ. Պուտինը] դաշինքի պայմանագրեր է կնքում օրինակ Բելառուսի հետ՝ միաժամանակ ստիպելով մյուս երկրներին միանալ ԱՊՀ-ին և ՀԱՊԿ-ին՝ այս կերպ փորձ անելով նրանց ներգրավել ընդհանուր քաղաքականության մեջ։ Վերջին տարիներին Ղազախստանն ունեցել է գերմանական, անգլիական, թուրքական և չինական ներդրումներ, որոնք ուղղակիորեն մրցակցում էին Ռուսաստանի հետ: Կրեմլը, սակայն, չէր կարող թույլ տալ այս գործընթացի շարունակականությունը։ Այժմ, երբ Ղազախստանի իշխանությունն արդեն իսկ ամբողջովին ենթարկվում է Ռուսաստանին, անկախ նրանից, թե ինչ ընտրություններ կանցկացվեն այսուհետ, ամեն ինչ կավարտվի գործող իշխանության օգտին։ Հայաստանում, օրինակ, դա ձեռք է բերվել։ Փաշինյանը Պուտինի համար առավել անցանկալի վարչապետն է, բայց այս երկիրն այնքան կապված է Ռուսաստանի հետ, որ երկար ժամանակ չի կարողանա դուրս գալ այդ ուղեծրից»:
Վրաստանը, Ուկրաինան և արդեն նաև Մոլդովան, ըստ Գոգոլաշվիլիի, այն երկրներն են, որոնց Ռուսաստանը չի կարող իրեն ենթարկել, ուստի` պայքարում է այնպես, ինչպես կարողանում է. գրավում է տարածքները՝ փորձելով թուլացնել այդ երկրները, որպեսզի ՆԱՏՕ-ն այլևս չցանկանա իր կազմում ներառել նրանց։
Ղազախստանում քաղաքացիական անկարգությունները կիզակետին հասան տարիների ընթացքում կուտակված ներքին խնդիրների հետևանքով։ Սա մատնանշում են միջինասիական այս երկիրն ուսումնասիրող, բնակչության տրամադրություններին քաջատեղյակ տարածաշրջանային վերլուծաբանները՝ ընդգծելով, որ հետխորհրդային ևս մեկ երկրում սկիզբ առած հեղափոխական գործընթացներն արագ ճնշվեցին։
Ավանդաբար Ռուսաստանն ունի պատճառի և հետևանքի իր տարբերակը, որը ձգտում է ամրապնդել, այս դեպքում աջակցություն ստանալով նաև Ղազախստանի ներկա նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևից, ում խնդրանքով ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, զորքեր ուղարկեց Ղազախստան։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ղազախստանը դա բացատրում են արտաքին սպառնալիքներով։
Վերլուծելով հետխորհրդային երկրներում ընթացող զարգացումները, Բատիաշվիլին ասում է, որ Ղազախստանում տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրները միանգամից բռնկվեցին։ Վառելիքի թանկացումը, ըստ նրա, ավելի շատ առիթ էր, քան պատճառ: Երկրում մոլեգնում է կոռուպցիան, մինչդեռ Ղազախստանը նավթով և գազով ամենահարուստ երկրներից է, սակայն քաղաքացիները կարծում են՝ եկամուտներն անհամաչափ և անարդար են բաշխվում:
«Ժողովրդավարական ինստիտուտներ չունեցող երկրները դատապարտված են նման զարգացումների, և մենք դա տեսանք նաև Ղազախստանի պարագայում: Հետևաբար, ավտորիտար կառավարում ունեցող բոլոր մյուս երկրներում, հավանական է, որ ալիքը կտարածվի: Սրանից է վախենում Պուտինը, որ այն չհասնի նաև Ռուսաստան: Նա ոչ այնքան վախենում է ՆԱՏՕ-ի զորքերից և միջուկային զենքից, որքան նմանատիպ շարժումներից, քանի որ այնտեղ ևս ոչ ժողովրդավարական ռեժիմ է, մարդիկ հնարավորություն չունեն արտահայտել իրենց կամքը», — ասում է Բատիաշվիլին:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Քաղաքացիական գաղափար» հասարակական կազմակերպության ղեկավար Թինա Խիդաշելիի խոսքով՝ չնայած նրան, որ ռուսական ուժերը Ղազախստան են հրավիրվել երկրի նախագահի կողմից, միևնույնն է՝ Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերն այստեղ։ Խիդաշելիի կարծիքով՝ Արևմուտքի հետ առճակատման պայմաններում Ղազախստանի «հաջողությունը» Ռուսաստանին ստիպում է իրեն համեմատաբար ավելի վստահ զգալ։
«Զարգացումների նման ընթացքն ինքնին շատ կարևոր էր Ռուսաստանի համար հենց այն ժամանակ, երբ փորձում էր շանտաժի ենթարկել Արեւմուտքին։ Ռուսաստանին հաջողվեց Ղազախստանում հայտնվել որպես փրկիչ, այն էլ հրավերով: Վրաստանի և Ուկրաինայի դեպքում էլ նրանք ասում էին, թե իբր եկել են ինչ-որ մեկի խնդրանքով, օգնելու՝ ազգերի ինքնորոշման համար: Ռուսաստանն այժմ կարող է իրեն մի փոքր ավելի համարձակ զգալ միջազգային հարթակներում»,- ասում է Խիդաշելին։
Ղազախստանում իրավիճակը «կայունացնելու եւ կարգավորելու» նպատակով ՀԱՊԿ-ի կողմից զորք ուղարկելու մասին որոշումը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այժմ նախագահում է կազմակերպության անվտանգության խորհուրդը։ Փաշինյանի հայտարարությունն, ի դեպ, բուռն քննարկումների առիթ դարձավ: Հիշեցնում էին, թե ինչպես է նա իշխանության եկել, երբ հետխորհրդային երկրներից ևս մեկում 2018-ին տևական բողոքի ակցիաներից հետո հեղափոխություն տեղի ունեցավ։
Զուրա Բատիաշվիլին անդրադառնալով Փաշինյանի անակնկալ հայտարարությանը, ասում է.
«Փաշինյանը պատանդ է դարձել: Ժողովրդավարական գաղափարներով հանդես եկող երբեմնի ղեկավարը հիմա, ցավոք, դարձել է Պուտինի «խոսափողը»։ Զավեշտալի է, որ հենց Փաշինյանը ստիպված եղավ նման հայտարարություն անել։ Մյուս կողմից սա ձևական բնույթ էր կրում․ հավատացեք, 70 հայ խաղաղապահները Ղազախստանում ոչինչ չէին փոխելու: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի հզորացման յուրաքանչյուր օրինակ անցանկալի և վտանգավոր է։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, այս դեպքում մեզանից ավելի քիչ է կախված։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, մեր` դեպի Արևմուտք շարժվելն անշրջելի դարձնելն է»:
Բատիաշվիլին ասում է, որ ներկա իրողությունների պայմաններում Վրաստանը պետք է ամրապնդի ժողովրդավարական ինստիտուտները՝ ամեն ինչ անելով Արևմուտքին է՛լ ավելի մերձենալու համար։ Վերլուծաբանը շեշտում է նաեւ, որ Վրաստանի իշխանությունները իրենց քայլերով չպետք է ջուր լցնեն ռուսական ջրաղացին։
Կոնֆլիկտաբան Գիորգի Կանաշվիլին, իր հերթին ասում է, որ Վրաստանը չի կարող դառնալ Բելառուս, Ղազախստան կամ Ադրբեջան։ Իշխանության ղեկավարին դժվար կլինի յուրացնել ամեն ինչ ու մշտապես պահպանել ստատուս քվոն։ Այստեղ ոչ նավթ կա, ոչ գազ, որ պաշտպանի տեղական բռնապետությունը, ոչ էլ արտաքին ուժերը կարող են գալ, ինչպես դա տեսնում ենք Ղազախստանի պարագայում։
«Վրաստանն ի բնե դատապարտված է ժողովրդավար լինելուն։ Վտանգներ կան իհարկե, սակայն ներքաղաքական իրավիճակն իրեն արդեն սպառել է և մենք վաղ թե ուշ անցնելու ենք որակապես նոր փուլ։ Միաժամանակ, աշխարհում և մեր տարածաշրջանում լարված իրավիճակ է. Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս, լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև… այս ֆոնին և՛ Սաակաշվիլին, և՛ Վրաստանը իրենց ներքին պառակտումներով անցել են երկրորդական հարթություն՝ մոռանալով իրական խնդիրների մասին», — ասում է Կանաշվիլին:
Հատկանշական է, որ վերջին մի քանի տարիներին հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում զանգվածային ցույցեր եղան՝ ընդդեմ բռնապետական վարչակարգերի։ Ակնկալիք կար, որ դրանք կտեղավորվեն «գունավոր հեղափոխությունների» սցենարում՝ ավելի շատ ժողովրդավարություն բերելով երկրներին։ Շատ դեպքերում ապարդյուն: Հետխորհրդային չորս երկրների հեղափոխական շարժումները հետևյալն են. Հայաստանում 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունը», Բելառուսում 2020 թվականի օգոստոսի բողոքի ալիքը, Ղրղըզստանում 2020 թվականի հոկտեմբերի ապստամբությունը և 2022 թվականի հունվարին Ղազախստանի իրադարձությունները։
Հիշեցնենք՝ Ղազախստանի իշխանությունները հունվարի 4-ին հայտարարեցին, որ հեղուկ գազի գինը կտրուկ թանկացել է, ինչը բողոքի ցույցերի պատճառ դարձավ Մանգիսթաու շրջանում՝ ծավալվելով ողջ երկրում: Ղազախստանի նախագահ Տոկաևը զանգվածային ցույցերից հետո, կառավարության հրաժարականի մասին որոշում ստորագրեց։
Հունվարի 5-ին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։ Կանոնակարգը նախատեսում էր պարետային ժամ սահմանել 23:00-ից առավոտյան 07:00-ը, արգելել զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, ինչպես նաև արգելել զենքի, զինամթերքի և ալկոհոլի վաճառքը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշելով՝ «Ինձ մտահոգում է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ես դատապարտում եմ բռնությունը, որը մենք տեսել ենք և արագ դեէսկալացիայի հույս ունեմ: Քաղաքացիների իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ ասել է, որ Վրաստանի կառավարությունը շատ ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Մենք խորապես վշտացած ենք Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից, որտեղ տասնյակ մարդիկ են զոհվել։ Հուսով ենք, որ հնարավորինս արագ կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ իրավիճակը դեէսկալացնելու, անվտանգության և կայունության հասնելու նպատակով»: