Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հող է նախապատրաստում Թբիլիսի զորքեր մտցնելու համար։ Սաակաշվիլին այսպես է արձագանքել մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահի՝ Վրաստանի հետ թռիչքները վերսկսելու և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու որոշմանը։
Սաակաշվիլին նշել է՝ իրենից լավ Վրաստանում ոչ ոք Պուտինին լավ չի ճանաչում։
«Երեկվա իր քայլով նա ոչ թե փորձում է շահել վրացիների բարեհաճությունը, այլ հող է նախապատրաստում բանակը Թբիլիսի մտցնելու համար։ Նա դեռ չի ներել ինձ ու վրաց ժողովրդին, որ չկարողացավ դա անել 2008 թվականին:
Իհարկե, նա չի սպասի Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու որոշմանը, մինչ այդ շատ ավելի արագ կգործի։ Ուստի հիմա, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ողջ հասարակության համախմբվածությունը ցույց տալ, որպեսզի նա տեսնի՝ այստեղ հեշտ ճանապարհ չի սպասվում», — նշված է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Սաակաշվիլին հրապարակման մեջ խոսել է նաև իր առողջական վիճակի մասին։ Երրորդ նախագահի խոսքով, ինքը շարունակում է նիհարել, և ամեն օր արյան պլազմայի փոխներարկում է պահանջվում։
Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում այլ կերպ ընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարության գործողությունները։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։