
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբային հրավիրել է մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Ես անկեղծորեն ուրախ կլինեմ տեսնել Ձեզ Ռուսաստանի մայրաքաղաքում այս նշանակալից օրը», — վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասված է Կրեմլի Telegram ալիքում։
Պուտինի խոսքով, «հաղթանակի օրը առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի և Աբխազիայի եղբայրական ժողովուրդների համար»։
Այսօր՝ ապրիլի 2-ին, օկուպացված Աբխազիայում տեղի է ունեցել «նախագահ» Գունբայի «երդմնակալության արարողությունը», որը տեղի է ունեցել Սոխումիի «կառավարական» համալիրի մեծ դահլիճում։
Արարողությանը ներկա են եղել «օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ», «ԿԸՀ» անդամներ, Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի (Հարավային Օսիա) շրջանի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը, «արտակարգ իրավիճակների նախարար» Իբրահիմ Գասեևը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնության «դեսպանները» Ցխինվալիում, Վենեսուելայում, Նիկարագուայում, անջատողական Մերձդնեստրի (Մոլդովա) ներկայացուցիչը և այլք:
Մարտի 1-ին կայացած «ընտրությունների» երկրորդ փուլում Բադրա Գունբան ստացել է ձայների 54,73 տոկոսը։ Նրա օգտին քվեարկել է 54 հազար 954 մարդ։