Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի հետ սահմանազատման և գծանշման (դեմարկացիա, դելիմտացիա) գործերով հատուկ հանձնակատար է նշանակել։ Պաշտոնը զբաղեցրել է ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Պետրակովը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Իգոր Բրատչիկովին։ Վերջինիս իրավասությունների մեջ չէր մտնում Վրաստանի ու երկու շրջանների (որոնց անկախությունը Մոսկվան ճանաչել է) հարցը։
Ըստ ՏԱՍՍ գործակալության` Պետրակովը դիվանագիտական ծառայության է 1982 թվականից։ Նախկինում աշխատել է որպես ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի փոխտնօրեն, ՀԱՀ-ում ՌԴ-ի դեսպան։ 2019-ի սեպտեմբերին նշանակվել է ՌԴ ԱԻՆ-ի` իրավիճակային-ճգնաժամային դեպարտամենտի տնօրեն։
Վրաստանի արձագանքը
Վրաստանի արտգործնախարարությունն հայտարարություն է տարածել, ըստ որի` ՌԴ-ի հետ դեմարկացիայի հարց երկրի օրակարգում չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվում 2008-ի օգոստոսի 12-ի` կրակի դադարեցման համաձայնությունը։ Վրաստանի արտաքին գերատեսչությունը հիշեցրել է, որ պաշտոնական Թբիլիսին նշված 2 շրջանները համարում է ՌԴ-ի կողմից բռնազավթված.
«ՌԴ-ի կողմից Սոխումիի և Ցխինվալիի հետ ցանկացած համաձայնագիր, այդ թվում նաև սահմանին վերաբերող, ապօրինի է, առանց իրավական հիմքի, իսկ համաշխարհային հանրության կողմից գնահատվելու է որպես ինքնակոչ պետության սահմանին ուժի կիրառման հերթական փորձ», — ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։